Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈՒԻ ԴԵՄ ՀԱՐՁԱԿՈՂՆԵՐՈՒՆ

Ազգային խմբագիրներն ժամանակավ ազգն արթնցնելու պաշտոն ունեին, հիմա ալ քնացնելու պաշտոնն ստանձնած են։

Ասոնք իրենց թերթերը մի միայն իրենց շահուց աղբյուր բռնելով՝ կը գրեն ինչ որ ժողովրդյան հաճելի է, կը ծածկեն ճշմարտություն մը, երբ այն ճշմարտության հայտնվիլը ժողովրդյան օգտակար է, իսկ իրենց վնասակար, աս ընելեն վերջը կը հանդգնին նաև անխղճորեն հարվածել այն թերթը, որ ժողովրդյան կը ճանչըցնե իր բարեկամն ու թշնամին։

Հայտնի է, որ անձի մը վրա հայտնված ճշմարտություն մը տհաճություն կը պատաճռե այն ամեն անոնց, որք աղեկ գաղափար ունին այդ անձին վրա. ասիկա այն չափ հայտնի է և ամեն մարդ կրնա իր վրա փորձել, որ եթե մեկը մեր սիրած մեկ մարդուն պակասությունը մեզի ըսե, մեզի տհաճություն կը պատճառե, և չենք ուզեր ըսել, և երբեմն կը համոզվինք իսկ, որ դիմացիննիս իրավունք ունի, բայց դարձյալ զինք մեր առջևեն կը վռնտենք և չենք ուզեր մեր սիրած անծին պակասությունները համրելը։

Դիմացիննիս կրնա մեզ շողոքորթելու համար կամ լռել և կամ ատոր վրա բան մը չխոսիլ, իսկ իր պաշտոնին հավատարիմ լրագիր մը աս չկրնար ընել, և գիտնալով հանդերձ, որ այդ ճշմարտությունը ժողովրդյան մեկ մասին, կամ ամբողջ ժողովրդյան զայրույթը պիտի գրգռե, դարձյալ պիտի գրե, արդարությամբ զինյալ ժողովրդյան դեմ պատերազմելով։

Այս պատերազմին մեջ ժողովուրդը հաղթվելով է, որ հաղթանակը կը տանի։ Որովհետև, երբ ճշմարտության մը հայտնվիլը ժողովրդյան զայրույթ կը պատճառե, ըսել է որ ժողովուրդը ճշմարտության դեմ կը զինվի, ըսել է որ ժողովուրդը սխալանքի մեջ է։

Մասնավորենք խոսքերնիս։

Անցյալ շաբթու հոդված մը գրած էինք եպիսկոպոսի մը վրա։