Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որուն անցյալեն ներկան չխրատվիր և որուն ներկայեն ապագան կը դողա, եպիսկոպոսի մը վրա, որ Թեոդոսիայեն ճամբված, Բերայեն վռնդված, Պեշիքթաշ ժամանակ մը տակն ու վրա ըրած է, եպիսկոպոսի մը վրա, որ հիմա Պատրիարքարանի դեմ ապսաամբած աջ կողմը կը դառնա թեքիրտաղցիները կը խաղցնե, ձախ կողմը կը դառնա իզմիրցիները կը խաբե, չորս կողմ դառնալով ազգը կը խաբե։

Պատկեր մը դրած էինք, որուն համար կըսեն, թե՝ ժողովրդյան մեկ մասին զայրույթ տվավ, է՜հ, այդ պատկերին հողածինը ինձի սոսկում կուտա, սարսափ կուտա։

Քիչ մալ Ծիլն Ավարայրին մտիկ ընենք հոս.

«Խորեն վարդապետի առանձնական կյանքին վրա երկար խոսելը իզուր ժամանակ կորուսնել է։ Այսչափը միայն ըսեմ, որ անոր սիրահարությունքը, սիրահարական այցելությունքը ի տվե և ի գիշերի, սիրատոմսակները և այլ զանազան պատահարները պետք եղածին պես նկարագրելու համար, Պոլ տը Կոկի հանճարն ու գրիչն ունենալու է։ Այս, իր կոչմանը անվայել և գայթակղալից վարքովն առակ նշավակի եղեր էր ոչ միայն ազգայնոց առջև այլ և օտարաց։ Գերատեսուչը, Գաբրիել եպիսկոպոս Այվազյանը տեսնելով, որ իր օգնականին «մարիֆեթները» ալ պաշտպանել կամ «փեշով» ծածկել անկարելի է, վեց գիրը դիմացը կը դնե։ Իբրև անհերքելի փաստ այս դրվածքին, Գաբրիել վարդապետին, առ Սարգիս վարդապետ Թեոդորյան գրած նամակը առաջ կը բերենք։

«Բազմարդիւն տէր իմ և հայր ցանկալի։

Յուսամ գերապատիւ հայր, զի Հեքիմեանց պատմեաց ձեզ լիով, որպէս պատուիրեալ էի նմա, զհանգամանս իրաց կողմանս այսոցիկ, ընդ որս և զիմս բազմավտանգ կիրս ոչ միայն յերեսաց կաթողիկոսին և յոգնաթիւ խուժանի նախանձոտաց և հակառակորդաց, այլ և ուստի թերևս ոչ էր ինձ կարծելի, այսինքն հորենայ Գալֆաեան, որուն զվարդապետ անուն դանդաղի տալ բերան իմ, քանզի «Չար քան զաշակերտ խստերախ և քան զծառայ ապերախտ» վարեցաւ նա ընդ իս ի վերջնումս յայսմ տարւոջ։

Արդէն ատելի էր նա աստանօր մեծաց և փոքունց ի պատճառս անտանելի «զեվզեկ»—ութեանցն իւրոց, չորս յաւելեալ ի վերջին ժամանակս և «Զապերասան գնացս և զպչրանս անվայելս» և աշխարհական երիտասարդի թո՛ղ թե եկեղեցականի, եբաց ի վերայ