Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԿՈԻՐ ԽՆԴԱՆՔ

Վարչությունը յուր որոշումները օդերուն հարմարցուց։

Իր որոշումները օդերու հետ կը փոխվին։

Անցյալ շաբթու երկնից երեսը հստակ էր, Վարչությունը որոշեց, որ ըստ մեզ գերապատիվ Խորեն եպիսկոպոս և ըստ Փողո Խորեն վարդապետ Իզմիրի առաջնորդ կըլլա։

Այս շաբթու օդը քիչ մը անձրևոտ էր, Վարչությունը որոշեց, որ ըստ մեզ գերապատիվ Խորեն եպիսկոպոս և ըստ Փողո Խորեն վարդապետ Իզմիրի առաջնորդ չըլլա։

Արդյոք գալ շաբթու ի՞նչ պիտի որոշե։ Օդերը գիտեն։

Լսեցինք նաև, որ Վարչությունը որոշեր Է Իզմիր գրել, որ իրենց ուրիշ առաջնորդ մը ընտրեն։ Իզմիրցիք ալ պիտի գրեն Պատրիարքարան, որ գավառաց առաջնորդությունն ընդունող առաջնորդաց ցուցակ մը ղրկվի իրենց, որ անոնցմե մեկը ընտրեն, և իրավունք ալ ունին, որովհետև կրնա ըլլալ, որ իրենց ընտրած առաջնորդը չընդունի Իզմիր երթալ, և այն ատեն Պատրիարքարանը պիտի կրնա՞ բռնություն բանեցնել այդ ընտրված առաջնորդին դեմ մինչդեռ թույլտվություն ըրավ ըստ մեզ Խորեն եպիսկոպոսին և ըստ Փողո Խորեն վարդապետին։

Ըստ մեզ Պատրիարքարանը կամ այդ ցուցակը ղրկելու Է, և կամ Խորեն եպիսկոպոսի համար զատ օրենք մը հաստատելու Է։