Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ԹԱՏՐՈՆԱՊԵՏ ՄԸ

Մեր ժողովուրդը անանկ բնավորություն մունի, որ բան մը շարունակ տեսնելուն պես, իսկույն կը ձանձրանա, շարունակ ճաշակ փոխելու վրա է։ Այսօր կառքով կամ նավակով տեղ մը երթալու ըլլան նե՝ վաղը կուզե, որ քալելով երթա, այսօր ձի կը նստի՝ վաղը սեյիսի պես կառքի մը ետև կայնիլ կուզե, այսօր արվեստավոր է՝ վաղը անգործ, պարապ պտըտիլ կուզե, այսօր աղեկ կը շահի՝ վաղը ֆալիթո ընել կուզե, այսօր լուսավորյալ է՝ վաղը կը տեսնես, որ խավարյալին չըրածը ինքը ընելու կելլե, այսօր թատրոնեն կախորժի՝ վաղը մեյտան օյինին՝ նախապատիվ կը սեպե։

Նորին արժանապատվությունը շատ աղեկ ֆարխին երթալով մեր այս ժողովրդին բարուցը, ինք ալ կուզե, որ ելլե թատրոն մը մեյտան-օյինիի փոխե։ Ասդին անդին կիյնա, աչքը ուրիշ թատրոն չի տեսներ կամ շիտակն ըսելու համար, ուրիշ թատրոնները ասոր ձեռքը հանձնող չգտնվիր, կելլե ինքն ալ Կետիկ փաշայի թատրոնին վրա աչք կը տնկե։

Այս Կետիկ փաշայի շենքն ալ չելած չմտած կերպարանքը չմնաց։ Տարի մը աթ-ճամպազի, տարի մը բանտոմիմա, տարի մը ճանպազ, տարի մը թատրոն, աս տարի ալ Աստված խսմեթ ընե նե, մեյտան-օյինի պիտի ներկայացնե։ Հառաջադիմությունն ալ ասանկ ըլլալու է, ուստի, նորին արժանապատվությունը, խելացիին մեկուն խորհրդին հետևելով, յուր այս նպատակին հասնելու համար, նախ թատրոնր վարձելու կը նայի, որովհետև իրեն արժանապատվությանը չիյնար ասանկ բանի մը համար երթալ թատրոնին տիրոջը հետ բանակցիլ, վարձել, գոնթրաթ ընել, մեյտան-օյինի խաղալու խաղցնել, յուր մտերիմ խելացիին կը հանձնե գործը, որուն ձեռքեն ամեն տեսակ բան ալ կուգա։

Վերջապես կերթան ու տիրոջմեն Կետիկ փաշայի թատրոնը վարձելու կը հաջողին, նախորդ տարիին վրա 100 ոսկի ալ էվել