Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կըսեք, թե՝ սա(Մամուլ) իր պակասությունները ունեցած է ճիշտ ինչպես ունի այսօր Մեղու:

Թեև աս չենք ընդունիր, որովհետև ինչպես որ ըսի, հրապարակ իջնելես ի վեր կրոնական արարողություն մը բնավ ծաղրած չեմ, վկա են մեր խմբագրած Եփրատներն ու Մեղուները, բայց քու հակասությունդ ցույց տալու համար պահ մը ընդունինք, թե՝ ձեր ըսածին պես Մամուլ իր պակասությունները ունեցած է ՃԻՇՏ ինչպես ունի այսօր Մեղու:

Այս ըսելեն վերջը, քանի մը տող վարը կը հավելուք, թե ասկեց զատ երբ անցելույն համար ալ խոսինք՝ կարծենք դարձյալ ազդարարության արժանի չպիտի կարենամք գտնել Մամուլ։

Արդ, եթե Մամուլ ճիջտ Մեղուի պակասությունները ունեցած է, ինչպես որ կըսեք դուք, ինչո՞ւ համար զանի ազդարարության արժանի չեք գտներ, եթե զայն ազդարարության արժանի չեք գտներ, ինչու համար Մեղուն արժանի կը գտնեք. ո՞չ ապաքեն երկուքնիս ալ միևնույն պակասությունը ունեցած ենք ինչպես որ կըսեր դուք։

Օրինակի համար, երբ երկու հոգի միևնույն հանցանքը ընեն և ասոնցմե մին պատժվի և մյուսը կերպով մը չպատժվի նե՝ չպատժվողին հանցանքը ջնջվա՞ծ կըլլա։

Ահա, մեծապատիվ Խանճյան աղբար, ասոնց համար ըսած էի, որ Ասիայիդ թվականը փոխե։

Բայց դուն հանցանք չունիս, քեզ շողոքորթեր են, փիլիսոփա ես ըսեր են, դուն ալ առանց քու կարողությունդ լափելու անոնց խոսքին հավտալով հրապարակ նետվեր ես, և հիմա ասանկ հասարակության ծաղու նյութ եղեր ես։

Եթե խոսքիս կը հավատաս, փոխե ասպարեզդ Խանձյան աղբար. գիտեմ ասիկա ծանր պիտի գա քեզի, բայց ինչ ընեմ, արդարության պարտք մը կատարելու համար ես ալ կըսեմ, թե՝ ժողովուրդը քու խոսքերդ տասը փարայի չկրնար մտիկ ընել։