Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍԻԱՅԻՆ ՓԱԽՈՒՍՏԸ

Այս թերթը իր ինկած հակասությանց մեջեն ելնելու համար բոլոր ճիգը թափելեն վերջը, չորեքշաբթի ավուր թվովը վատացար (երկչոտությամբ) խույս տալ կուզե ասպարեզեն։

Շատ աշխատեցավ խեղճը գրած հակասությանց մեջեն ելնելու համար, շատ հոգնեցավ, բայց չհաջողեցավ։ Ինքը ելավ, քիթը չկրցավ հանել․ քիթը հանեց, ինքը չկրցավ ելնել, քիթը հոն ձգեր ինք ելներ ան ալ չէր ըլլար․ ուստի որոշեց, որ փախչի, չխորհելով կամ ավելի ճիշտը, չկրնալով խորհիլ, որ մեկը հակասութենե փախչիլ ուզած ատեն հակառակորդին ավելի կը մոտենա և իր կամոքը անձնատուր կըլլա։

Ո՞ւր կը փախչիս խեղճ տղա․․․ ո՞վ կրնա հակասութենեն փախչիլ։ Ասկե խալսելու համար միջոց մը ունիս միայն՝ այն է խոստովանիլ, որ հակասության մեջ ես։

Բայց որպեսզի ըսածներդ չմոռնաս, ահա անգամ մալ զանոնք հոս կը դնենք։

Ա. Կարծիքդ․ Մամուլ կրոնի մասին Մեղուի հարգած սկզբունքը ընդունած չէ։

Բ. Կարծիքդ․ Մամուլ կրոնի մասին Մեղուի հարգած սկզբունքը ընդունած է։

Գ․ Կարծիքդ․ Կրոնական ժողովն իրավունք ուներ այդ ազդարարությունը Մեղուին ընելու։

Դ․ Կարծիքդ․ Կրոնական ժողովն իրավունք չուներ այդ ազդարարությունը Մեղուին ընելու։

Ե. Կարծիքդ․ Մամուլ ՃԻՇՏ Մեղուին պակասությունները ունեցած է, բայց ազդարարության արժանի չէ։

Զ․ Կարծիքդ․ Մեղու ՃԻՇՏ Մամուլին պակասությունները ունեցած է, բայց ազդարարության արժանի է։

Հիմա քու ձեռքդ է, կամ հանցանքդ խոստովանելով օձիքդ ազատել և կամ Մեղուի ծաղու նյութ ըլլալը հանձն առնուլ։

Հիմակու հիմա մնաս բարով։