Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՐԵԴԱՐՁ

<1>

Ամեն մարդ աս խնդիրով կզբաղի հիմա։

Շոգենավ վարձող ընկերությունները արդյոք վնա՞ս, թե շահ պիտի ընենք ըսելով կը խորհին, տարեդարձ երթալ ուզողները կես ոսկին ուսկից փրցնելու եղանակին վրա կը հոգնեցնեն միտքերնին. ճառ կարդալու պատրաստված երիտասարդները կը խորհին, թե արդյոք ծառի՞ վրա կարդանք նե՝ ճառերնիս ավելի ազդու կլլա, չէ նե՝ գետնի վրա, պարելու պատրաստվող երիտասարդները հասարակության ուշադրությունը իրենց ոտքերուն վրա հրավիրելու միջոցներու վրա կը մտմտան, կնիկները՝ ի՞նչ կերպով ամուսիննիս համոզենք, որ մեզ ալ տարեդարձ տանին ըսելով կը հալին։

Տոմսակ առնողները՝ արդյոք շոգենավին մեջ ուզածնուս պես պիտի կրնա՞նք նստիլ, կամ սեղանը նստինք նե տված ստակնուս կեորե կերակուր պիտի կրնա՞նք ուտել, վերջապես ամեն կողմե հանգիստ պիտի կրնանք ընել ըսելով կը մաշին։

Մեղուն ալ կը խորհի, թե՛ արդյոք ան տեղը իրեն նյութ պիտի կրնա՞ հավաքել։

Հանգիստ եղե՞ք, ամենքնիս ալ ուզածնիս պիտի գտնանք, բայց ինչ որ ալ ըլլա պետք է երթալ, երգել, պարել, խնդալ։

Եթե ամեն ազգ իրեն խնդալու և լալու օրերն ունի, հայ ազգին ալ խնդալու օրը վաղն, աս օրը փախցնելու չգար։