Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր ոսկիե պիտի ղրկվի, կսկսի կատաղաբար անոր ասոր վրա հարձակիլ։

Իր վրեժը լուծելու համար զրպարտութենե օգնություն կը խնդրե. և անվանարկել կաշխատի Մեղուն ըսելով, թե՝ թաղի մը տիկնանց և աղջկանց պատվույն դպավ։

Ասանկ բան մը մտքե անցնելու համար բավական ապուշ ըլլալու է մեկը, իսկ ասանկ բան մը հրապարակավ գրելու համար Մանզումե ըլլալու է։ Մանանախո հատի չափ խելք ունեցողը կրնա Մեղուի գրածներուն ոգին հասկնալ, և թե որ Մանզումեին հասկցածին պես ըլլար, թաղեցին դատ կը բանար, անշուշտ դատը կը վաստկեր և Մեղուն կը պատմեր։

Ինչո՞ւ չըրավ. որովհետև հասկցավ, որ թաղին իգական սեռին պատվույն դպչելիք մազի չափ բան մը չկա հոն. միայն Մանզումե այդպես հասկցավ, ան ալ մենե վրեմ լուծելու տղայամտությամբ։

Գիտեմ, Զիֆթ Սույի չերթալովդ մեկ երկու հարյուր ոսկի կորսնցուցիր, բայց ազգը շատ վաստկեցավ. և վերջապես այդ խայտառակ» ըսած թերթերդ հաջողեցան, թեև շատ դժվարությամբ, ժողովուրդը համոզելով քեզի հաղթելու։

Այս է լրագրաց փառքը։

Զիֆթ Սույի չպիտի երթաս, այս է ազգին աղա, փաշա, էֆենտի քեյֆը։