Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետ սուրբ պատարագ մատուցանելեն ետքը Սահմանադրության օգուտներուն վրա ազդու ատենախոսություն մը ըրավ։

Չմոռնանք հոս հիշել, որ հայկական ընկերության շոգենավը՝ ուր կը գտնվեր պատրիարքական փոխանորդ գերապատիվ սրբազան հայրը, բարձրարժան մեծապատիվ եպարգոսին ծովեզերյա ապարանքին առջև կանգ առնելով, երգիչք և նվագածուք բարեմաղթության երգեր երգեցին։ Բարձրարժան մեծապատիվ եպարդոսը պատուհանը բանալով իր շնորհակալությունը մատույց, զոր փոխարիներ պատրիարքական փոխանորդ գերապատիվ սրբազան հայրը, որ իր կուրծքը կը կրեր Մեճիտիյե նշանը։

Ժամերգությունը լմննալեն ետքը, հանդիսականք խումբ խումբ Հյունքյար Իսկելեսիի նվիրական դաշտը գացին նվագարանաց առաջնորդությամբ։

Ժամը 6-ին միջոցները ճաշի սկսան։

Կերակուրները խիստ աղեկ էին, հելվա, թավուգ գըզարթմասը ևայլն, ևայլն, քիրեզ, չիլենկ ևայլն, ևայլն, օղի, գինի ևայլն, ևայլն, բան մը չէր պակսեր, միայն մարդ կը պակսեր ուտելու։

Ճաշեն ետքը ատենաբանությունները սկսան, որոնց մեջեն ամենես նշանավորն էր վայելուչ դեմքով, դեղին մորուքով մեկու մը ատենաբանությունը:

Այս ատենաբանը շատ հուզված էր, կրցածին չափ կը պոռար, ձեռքերն իրարու կը զարներ, և բեմին մեկ ծայրեն մյուս ծայրը կը վազեր ու կը վազեր։

Ահա ատենաբանին հետ նավակ նստելու չգար, խոսելուն պես նավը կընկղմի։

Այս ատենաբանը եթե ձիու վրա նստած ատենաբաներ՝ ավելի կազդեր ժողովրդյան։

Հոս կարգը չէ այս ատենաբանին վրա երկար բարակ խոսելու, միայն սա չափ ներվի մեզ ըսել, որ եթե իր խոսելու եղանակը ան է՝ մեր մտիկ ընելու եղանակը ան չէ։

Ատենաբանություններեն վերջը սկսան պարել։

Քանի մը ժամ ալ պար տևելեն ետքը ժամը տասնին հանդիսականը շոգենավները նստելով մեկնեցան։

Ուրախ ենք ըսելու, որ Մեղու նյութ մը չկրցավ գտնել հոն և եթե ընթերցո՜ղ, սույն հոդվածս ցամաք գտնես, պատճառը ազգայինք են, որ նույն օրը խնդալու բան մը չըրին։

Կաղոթենք, որ ամեն տարի այսպես կանոնավոր կերպով կատարվի սույն հանդեսը, բայց չենք աղոթեր, որ ամեն տարի վնաս ընեն ընկերությունները։