Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ՏՈԻՐՔ

Պատրիարքարանը քանի մը ժամանակե հետե դյուրին միջոց մը գտեր է ազգային տուրքը հավաքելու համար։

Կնիկ առնել ուզողը, կամ կնիկ թողող ուզողը, տուն ծախու առնողը, կամ տունը ծախողը իլմոլհապեր առնելու համար Պատրիարքարան երթալուն պես, օձիքնին ձեռք կուտան կոր, և մինչև որ յոթանասունը հինգ չըտան՝ չեն կրնար կոր խալսիլ։

Առջի օրը, հիսուն տարեկան մեկը մեր գրասենյակը գալով՝ կը պատմե, թե կնիկեն պիտի զատվի եղեր և թե յոթանասունը հինգ ղուրուշը չկրնալ ճարելուն համար ստիպվեր է եղեր կնիկը առնել նստիլ։ Սրվոր կը բարկանամ որ, կըսե խեղճ մարդը, կնիկս ալ, թշվառականը, գիտե կոր քի յոթանասունը հինգ ղուրուշը չեմ կրնար կոր ճարել, իրիկունը տուն դառնալուն պես՝ դիմացս կելնե կոր, կը խաղա կոր, և ինձի կը ծաղրե կոր։ Ասիկա քաշվելու բան չէ, փորձանք է գլխուս, երբ պիտի բաժնվինք ըսելով, հետս մասխարայության կելնե կոր, յոթանասունը հինգ ղուրուշ ունիմ ամա չեմ իտար ըսելով պոյս ի վեր ցատկելով ինձի կը խաղցնե կոր․ կաղաչեմ, պարոն Մեղու, սա գործին մեկ ճարը գտիր։

— Իմ պարտքս է։

— Քեզի պիտի աղաչէի որ.․.

— Աղաչելու հարկ չկա, դուն քեյֆդ նայե՛։

— Ոտվըներդ պագնեմ, քուզում...

— Թող մնա, սեպե քի գործդ լմնցած է։

— Ողջ ըլլա, սա կնիկեն բաժնվիմ տե, ինչ ըլլա նե՝ ըլլա. ըսել է քի դուն Պատրիարքարան կը տանիս յոթանասունը հինգը։

— Պատրիարքարա՞ն մի տանիմ, յոթանասունը հի՞նգ մի...

— Յա, ոտքդ պագնեմ, դուն ի՞նչ հասկցար։

— Ես հասկցա, որ Մեղուի մեջ գրենք տե, Պատրիարքարանը քիչ մը նվազ խստությամբ վարվի ժամանակ չունեցողներուն հետ։