Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱԳՐԻ ՄԸ ՎԻՇՏԵՐԸ

Խմբագիրն առտուն կանուխ սենյակը կերթա, կը նստի, քիչ մը ճակատը շփելեն ետքը գրիչը ձեռք կառնե և կսկսի գրել։

Զարմանալի է, որ ծեծը դեռ կը շարունակ.․․

Այս միջոցին տպարանեն մարդ կուգա, շուտ ձեռագիր ղրկեր պարապ նստեր ենք կըսե, կերթա։

Զարմանալի է, որ ծեծը դեռ կը շարունակվի քանի մը դպրոց թղթավաճառը կուգա պոռալով՝

Երեկվան թուղթին ստակը տալու չըլլաս նե՝ այսօր թուղթ չեմ տար։

Խմբագիրը թղթավաճառը մեծ դժվարությամբ համոզելով կը ճամբե և կ՚սկսի գրել։

...Կը շարունակվի քանի մը դպրոցներու մեջ։

Կերևի թե վարժապետները փատին ծայրը կը կարծեն դաստիարակությունը.․․

Ցրվիչը ներս կը մտնե և կիմացնե, որ եթե տպարանի երկու հարյուր ղուրուշը չղրկե այսօր չպիտի տպվի։

Խմբագիրը հոդվածը կը ձգե և կսկսի անդորրագիր գրել, անդորրագիրը ցրվիչին կուտա, որ երթա ստակ առնե, ցրվիչը կերթա։

Փատին ծայրը կը կարծեն դաստիարակությունը, հետևապես փատով կուզեն կրթել աշակերտները։

Այս միջոցին օտապաշին կը մտնե․

— Աղա՞, սենյակին ամսականը կուտա՞ք։

— Հիմա գործ ունիմ, վերջը եկուր տամ։

...Փատով կուզեն կրթել աշակերտները, այսպիսի դեպքը մը դարձյալ տեղի ունեցած է, այս օրերս դպրոցի մը մեջ։

— Բարև էֆենտի։

— Աստծո բարին։

— Այսօր թոհաֆ բաներ ունի՞ս մի նայիմ։