Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջեն առած լուրերնուս նայելով՝ Տնտեսական խորհուրդեն երկու տարի ալ պայմանաժամ խնդրեր է, որ հաշիվները մաքուրի քաշե։

Քաղաքական ժողովն ալ ըստ Սահմանադրության չգիտեմ որ հոդվածին՝ սամաթիացիին մեջքեն բռնած կը ցատկե ու կը ցատկե։

Սահմանադրությունը կը տրամադրե եղեր, որ ամբողջ թաղը մեկ անձի մը կրից զոհ ըլլա։

Եթե այսօր Կրճիկյան Էֆենտի հրաժարի պաշտոնեն, թաղը պիտի խաղաղի։

Կրճիկյան Էֆենտի չհրաժարիր, բայց սահմանադրապես պաշտոն ալ չվարեր, Քաղաքական ժողովը սահմանադրապես չկրնար եղեր հրաժարեցնել, և Սամաթիան սահմանադրապես կը կործանե եղեր։

Ի՞նչ կրնանք ըսել, Սահմանադրությունը այնպես կը պահանջե եղեր։ Մեր գիտցած Սահմանադրությունը ասանկ բան ըրած չուներ, չըլլա որ ասիկա ուրիշ Սահմանադրություն մը ըլլա և կամ Սահմանադրության դիմակով կողմնակցություն մը ըլլա։

Թող աս ալ ցատկե մինչև որ Կոգնի։

Չգիտենք, թե այս խնդիրները ասանկ հինցնելով, հինցնելով պիթ բազար տանինք ծախե՞նք պիտի, չէ նե իբրև հնություն Վիեննայի արվեստահանդեսը պիտի ղրկենք։

Խնդիրներուն հինը ինչ բանի կը ծառայե չգիտենք, լրագիր չէ, որ պախալի տանինք ծախենք, տուն չէ, որ փլցնենք ու գետինը ծախենք, հագուստ չէ, որ աղքատաց տանք, գինի չէ, որ մեջը քիչ որ ջուր դնենք ու խմենք. ուստի ինչո՞ւ զանոնք հինցնել։

Պատասխանը գնա Քաղաքական ժողովեն առ։