Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բառի մը բուն և կամ պատշաճական նշանակությանը համոզվելով զինաթափ չըլլա. ինչպես որ սուտի մը չհավատացողին համար ալ չենք կրնար ըսել, որ ճշմարտության ալ չպիտի հավատա։

Նախադասություննիդ սխալ է, եզրակացություննիդ ալ ձեզի ըլլա. կարելի էր այդ նախադասութենեն այդպիսի եզրակացություն մը հանել, եթե տատասկեն թուզ և փուշեն խաղող քաղվեր։

Ձանձրություն չըլլա նե՝ անգամ մը դուք ալ անցեք այդ տողերուն վրայեն։

Կըսեք, թե վեճը հաղթասիրական ըլլալով անհնար է, որ մեկ կողման գտած ճշմարտությունը մյուսը ընդունի և զինաթափ ըլլա։

Բավական է, որ ճշմարտությունը երևան ելնե և հաղթանակը տանի, ինչպես որ արդեն տարավ։

Անհատի մը ճշմարտությունը չընդունելեն չհետևիր, թե բոլոր աշխարհ ճշմարտությունը չընդունիր. անհատի մը կիրքով կուրցած ըլլալեն չհետևիր, թե բոլոր աշխարհ կուրցած է։ Հասարակությունը՝ ճշմարտությունը տեսնելուն պես, հաղթությունը երկու ոսոխաց մեկուն կուտա, բայց պարտյալը չընդունիր եղեր, անոր չընդունելովը ճշմարտությունը ետ չդառնար, և եթե պարտելույն խոստովանությանը մնար հաղթությունը որոշել, արդարության երես երբեք տեսնելիք չունեինք։

Այս ճշմարտությունը դուք ալ կընդունիք ձեր հոդվածին առջի տողերուն մեջ ըսելով, թե երբեք պարտավոր մը դատարանեն խոստովանությամբ դուրս ելած չէ։ Բայց, քանի մը տող վար իջնալուդ պես կը մերժեք այս ճշմարտությունը։ Կը փափագեի, որ ճշմարտությունը ձեր ամեն տողերուն մեջ երևար՝ ինչպես որ կերևի ձեր անձնավորությունը։

Միսաքյան էֆենտի, ձեր հոդվածին առջի երեք սյունակներուն մեջ ինքզինքնիդ գովելեն և այս նյութիս վրա գրողները առանց համոզելու խայթելեն ետքը, ձեր գոռոզությունը ավելի հառաջ կը տանիք և կըսեք. քննաբանության օրենքը կը պահանջե, որ այս օդապարիկ բառերն աճպարար, իմաստակութեան մատվըներեն կորզելով՝ խնամով թագուցյալ գաղափարացը հետ համեմատենք և այնպես իրենց նշանակությունները ճշտիվ սահմանելու աշխատինք։

Միսաքյան էֆենտի այս ըսելեն ետքը կսկսի Հյուսեյին պեկի պատմությունն ընել։ Պատմությունն լմնցնելեն անմիջապես ետքը ԿԵՆԴԱՆԻ բառը, որ իմաստակության մատվըներեն կորզած էր, տգիտության ձեռքը կը հանձնե ու կըսե.