Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ի՞նչ հանգիտություն կա Մասիսի պարտազանցության ու գազանի մը հոշոտելուն ու լափլիզելուն մեջտեղը»։

Եվ այս տողերեն կը հետևցնե, որ կենդանի բառը հոն հայհոյություն չէ։

Երբ մեկը ինձի կեցած տեղս անասուն ըսե, ես բանս գործս ձգելով շիտակ Միսաքյան էֆենտիի երթալու եմ եղեր հասկնալու համար, թե այդ բառր հայհոյությո՞ւն է թե չէ։ Եվ որովհետև անասունի մը գարի ուտելուն և իմ անոթի մնալուս մեջ բնավ հանգիտություն չկա, ապա ուրեմն այդ բառը հայհոյություն չէ։

Ո՜հ, կարի է առասպելս..․։

Եթե Փունջ ըսած ըլլար «Մասիսի ինչ անասուն ըլլալը հասկցվի» Միսաքյան էֆենտի դարձյալ պիտի ըսեր, թե որովհետև Մասիսի և անասունի մեջ բնավ հանգիտություն չկա, ապա ուրեմն հայհոյություն չէ։

Միսաքյան էֆենտի այս ծաղրելի բարոյականին մեջ իյնալեն ետքը ձայնը կը բարձրացնե ու կը պոռա «Օն անդր, բառը օդույն մեջ նկատելու ժամանակ չի կա. իջեցունենք բառը թռչնոց քաղաքեն, և իր գաղափարին հուպ դնելով՝ այնպես նայինք»։

էֆե՛նտի, բառը թռչնոց քաղաքեն վար իջուցինք, բայց հիմա ալ դուք ելաք թռչնոց քաղաքը. թռչնոց քաղաք ըսելով օդը կուզեք հասկցնել կարծեմ, այսինքն թեթևության քաղաք, դուք ալ ուրեմն այդ քաղաքեն վար իջե՛ք և բառին քովը կայնեցե՛ք, որ մոտեն դիտեք։

Միսաքյան էֆենտի ԿԵՆԴԱՆԻ բառին հոն «հայվանճի նշանակությամբ գործածված ըլլալը ուրանալով կ՝ըսե, թե՝ ԿԵՆԴԱՆԻ բառը հոն նվաստախոհ, անագորույն, արհամարհոտ և անխիղճ մարդ կը նշանակե։

Կենդանի բառը արդեն լոկ մարդ նշանակած չունի (տես այս մասին Մեղուին վերջին թերթերուն մեջ տված բացատրությունները) հիմա ի՞նչպես կըլլա, որ քանի մը ածականներ ալ հետն առած մարդ կը նշանակե։ Ասոր հավտալու համար հարկ է, նաև հավատալ, որ մարդիկ անասնոց հետ խառնվեցան աս օրերս։

Փունջ կըսեր, որ ես «մարդ» նշանակությամբ դրի այդ բառը. հիմա ալ Միսաքյանը՝ անագորույն, արհամարհոտ և անխիղճ մարդ նշանակությամբ դրած ես կըսե Փունջին. որին հավատալու է։

Ես և ոչ մեկուն կը հավատամ. արդեն Միսաքյան էֆենտին ինք ալ իր ըսածին չհավտար, որովհետև իր հոդվածին մեջ կըսե. «Փունջի