Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցուի մը ձեռնադրությունը խնդրելու համար Կրոնական ժողովո կը դիմեն ու անոր ապրուստին վրա խոսք եղած ատենը Հիսուսի քանի մը ձուկով անթիվ բազմություն մը կշտացնելը կը հիշեն, և Քրիստոս իր եկեղեցվո պաշտոնյան անոթի չթողուր կըսեն, ինչո՞ւ ուրեմն կը ծիծաղիք հայր սուրբ, ու ատանկ հրաշքներ 1873 տարի առաջ կըլլային կըսեք ժողովուրդին։ Ինչո՞ւ ժողովուրդին հավատքը կը խախտեք։

Ինչո՞ւ Աստուծո նախախնամության վրա կասկած կը հայտնեք, ու անհավատության քարոզ կըլլաք դուք, որ եկեղեցական եք։ Ուրեմն, ձեր ջերմեռանդությունը դիմակ մէ խոհեմազարդ վարդապետ։

Երրորդ, եթե անարժան քյոսե Ղազար վարդապետին՝ պատրիարքական իշխանությունը անարգելեն ու Պատրիարքին փոխանորդը ծեծելեն ետը՝ փոխարեն կերած ապտակները ձեր փափուկ խղճին դպավ, ինչո՞ւ այն օրը անտարբեր հանդիսատես եղաք, ինչո՞ւ մանավանդ «Վրան նայեցե՛ք, զենք չըլլա պոռացիք» ու հուզյալ բազմության քյոսե վարդապետն իբրև ոճրագործ ցցնելով բազմությունը գրգռեցիք, ու այս ամենը ընելեն ետև, այդ դեպքը ուղտի չափ մեծցուցիք, Կրոնական ժողովո ատյանը խոթեցիք ու մեծ կռիվներ փրցուցիք։ Ուրեմն, ձեր գթասրտությունը, ձեր կրոնական նախանձավորությունը դիմակ մէ հոգեզգոն վարդապետ։

Չորրորդ, եթե եկեղեցական կանոնները կը հարգեք, եթե Սահմանադրության գործածությունը կուզեք, ինչո՞ւ Պրուսայի մեջ կարգվիլ ուզող երկու մերձավոր ազգականաց պսակին հրամանը Կրոնական ժողովին տալ տվիք և այն ալ ժողովույն մեծագույն մասը չունեցած ատենը։ Չէի՞ք գիտեր, որ առանց մեծագույն մասի որոշում ընելը Սահմանադրության հակառակ Է։ Ուրեմն, ձեր օրինասիրությունը դիմակ մԷ բարեպաշտոն վարդապետ։

Հինգերորդ, եթե իբր Ավետարանի պաշտոնյա պարտավոր եք հեզ ըլլալ ու խոնարհ սրտիվ, ինչո՞ւ մեծպահքի օրը Խասգյուղի եկեղեցիեն առիք քալեցիք, Ներսես սրբազանին նստած տեղը ձեզի չկեցնելնուն համար։ Ուրեմն, ձեր խոնարհությունը դիմակ մէ, արժանընտիր վարդապետ։

Վեցերորդ, եթե անոնց, որք զքեզ գործիք ըրած են, ձեզի համար տված բարի վկայությանցը հավատալով՝ քանի մը լրագիրը զձեզ Իզմիրի ազգայնոց առաջնորդական ընտրելի ներկայացնեին և Իզմիրի երեսփոխանական ժողովը սխալեր ու քվե տար ձեզի,