Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՏԱԿ ՎԱՍՏԿԵԼՈԻ ՆՈՐ ՄԻՋՈՑ

Դարուս լուսավորությանը շնորհիվ ստակ վաստկիլը շատ դյուրին բան մը եղավ։

Ենթադրենք, թե դերասան մես, նպաստ տված գիշերդ բոլոր բարեկամներուդ թիկնաթոռի և օթյակի տոմսակ ղրկե, գրպաններդ ոսկիով լեցուր։

Եթե խմբագիր մես, մեկու մը հետ առաջին անգամ տեսնվելուդ պես հետևյալ օրը լրագիրեդ օրինակ մը ղրկե իրեն։

Թե որ դպրոցի մը տնօրեն ես՝ դպրոցի ասեղնագործերը առ, հետդ քանի մը հատ ալ աղջիկ ա՛ռ և շիտակ հարուստի մը տունը գնա՛։

Ամբրոսիոս վարդապետը ինչո՞ւ պիտի մեղադրենք։

Այս վարդապետը հուլիս, երեքշաբթի առտու Բանկալթի դուռ մը կը զարնե։

— Ո՞վ է ան։

— Ես եմ, Ամբրոսիոս վարդապետ, նախորդ քարոզիչ Բերայի։

— Ինչ կուզեք հայր սուրբ։

— Աղջիկդ ինձի տուր այսօր։

— Ինչո՞ւ։

— Տեղ պիտի տանիմ։

Ամբրոսիոս վարդապետը աղջիկը առնելեն ետքը, ուրիշ քանի մը տուն ալ կը մտնե, անոնցմե ալ մեյմեկ աղջիկ կառնե և Ենի գյուղ կերթա։

Գիշերը հոն կը մնա։

Աղջիկ մալ Ենի գյուղեն կը գտնե — աղեկ որ ես աղջիկ չեմ եղեր, աղջիկ ըլլայի նե՝ զիս ալ կառներ հարկավ — երկու խայըխ կը բռնե, և հինգ աղջիկը երկու խայըխի բաշխելով, ինք ալ կը նստի և Խըտիվին պալատին առջև կելնեն։

Պալատականներեն մին կը հարցնե.