Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈՒՆԸ

Մեկուն բնավորությունը աղեկ սորվելու համար, կըսեն նախնիք, հետը կամ ճամբորդություն ընելու է կամ առուտուր։

Մենք ճամբորդելու ժամանակ չունենալով՝ առուտուր մը ըրինք, և տեսանք, որ Սահմանադրությունը մեզի պատմվածին պես չէ եղեր, վախկոտ ու փոփոխամիտին մեկն է եղեր։ Զինքը քիչ մը նեղը խոթելուդ պես Ասիային պես խոսքը ետ կառնե կոր։

Ըսածնիս հաստատենք։

Սամաթիացիք քանի մը ատենե ի վեր կը պոռային, որ մինչև որ Կրճիկյան էֆենտի թաղականութենե չհրաժարի՝ թշվառությունն ալ Սամաթիայեն չպիտի հրաժարի։

Սահմանադրույթունը կը պատասխաներ ասոնց, որ մինչև որ Կրճիկյան էֆենտի չհրաժարի՝ ես չեմ կրնար զինք հրաժարեցնել։

Սամաթիացիք կաղաղակեին, ոտքդ պագնենք Սահմանադրություն, եկո՛ւր չէ մրսեր, սա Կրճիկյանին հրաժարականն առ կսեին. բայց որո՞ւ կը հասկցնես, Սահմանադրությունը ոտք կոխած՝ չըլլար կըսեր կերթար։

Սամաթիացոց ճարը հատնելով անցյալ շաբթու Պատրիարքարան կերթան և կը հարցնեն.

— Ո՞ւր է Սահմանադրությունը։

— Քաղաքական ժողովո սենյակն է։

— Ըսեք, որ զինք տեսնել կուզենք։

— Շատ աղեկ։

Սամաթիացիք վեր կելնեն, Սահմանադրությունը (Փափազյան էֆենտին) կը գտնեն ու կսկսին հետը խոսիլ.

— է՛յ, Սահմանադրություն, սա Կրճիկյան էֆենտին թաղականութենե կը հրաժարեցնե՞ս։

— Ատ խոսքը մընեք, չեմ կրնար։

— Կաղաչենք։

— Անհնար է։

— Ոտվընիդ պագնենք։