Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Գազանային բնավորության տեր մեկն ես, նախ՝ անբարոյական ես ի ծածուկ և ինքզինքդ բարոյականի տեր անձ մը ծախել կուզես, երկրորդ թե՝ որկրամոլ ես։ Կարճ խոսքով հեշտասիրությանդ զոհ եղող մեկը։ Դուն մարդկային բոլոր ընկերությանց վտանգավոր մեկը կը համարվիս, անոր համար ընտանեկան և մանկական ընկերությանց ցանկին մեջեն քու անունդ սրբված պետք է ըլլա և այլն»։

Աս ալ լմնցնելեն ետքը Փունջին վիճակը նայեցանք։

Փունջին թիվն էր 26, և այսպես կըսեր․

«Ինքզինքդ հանճարեղ և գործունյա կը ծախես. սակայն պարապ մարդ ես, քեզի պես մարդիկն ստակ չեն արժեք աշխարհի առջև, արդեն ինչ ըլլալդ գործքերեդ ալ հայտնի է, եթե քննվի, ինչ փուճ մարդ ըլլալդ դուն ալ կը հասկնաս, սակայն, զարմանալին սա է, որ բնավ ուրիշին խելքին չես հավնիր և այլն»։

Փունջին ալ վիճակը հասկնալեն ետքը կարգը Օրագրին եկավ:

Օրագրին թիվր 86 էր, ահավասիկ յուր վիճակը։

«Ինքզինքդ այնպես վարժեցուցած ես, որ խոսքերուդ մեջ մինչև որ սուտ չգտնվի սիրտդ հանգիստ չըլլար, և կամ ինքզինքդ ճարտարորեն խոսող մը չես համարիր։ Իրավ որ ծնունդդ բախտավոր է, սակայն ցավալին այն է, որ մարդկային ընկերության մեջ ստախոս մը ճանչցված ես ևայլն»։

Օրագրին ալ վիճակը հասկնալեն ետքը անցանք Մամուլին:

Մամուլին թիվը 28 էր, վիճակն ալ հետևյալն էր․

«Դուն մարդու երես ելնելու բան չես, նախ և առաջ մարդ չես, եթե մեկը սիրտդ քննե՝ քեզի համար մարդ է չըսեր այլ գազան մը, դու ինքզինքդ ջերմեռանդ ծախելով ամեն ապուրը կուտես առանց խղճի ևայլն»։

Կարգը Մասիսին էր, ուստի, աղյուսակին վրա մատվընիս պտըտցուցինք և 67 թիվը տեսանք մեր առջևը, ահա 67ի տակի հատվածը։

«Բնավորություն մունիս, որ ամեն բան գիտեմ կըսես և մեծամեծ սխալանաց մեջ կիյնաս։ Եվ ասոր համար շատ անգամ ուրիշներուն քով հարգ չես ունեցած և որ առավելն է ծիծաղելի ալ եղած ես ևայլն»։

Հայրենիքին 81 թիվը ելնելով, բացինք այս թվույն պատասխանող հատվածը և հետևյալը կարդացինք․

«Ներսդ սև ու դուրսդ ճերմակ մեկն ես, այսինքն քեզ տեսնողը բարեպաշտ կարծածին պես՝ դուն ալ զքեզ բարեպաշտ կարծել