Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Այս ժողովը երեկ ալ չգումարվեցավ, բայց ազգային խնդիրները օր քան զօր կը գումարվին կոր։

Կըսվի, թե երեսփոխան էֆենտիներուն շատերը ծով մտնելու համար ասդին անդին ցրված ըլլալով անոնց դառնալուն կսպասվի եղեր, որ ժողովը բացվի։

Բայց երեսփոխան էֆենտիները տարվույն ամեն եղենակին մեջ երթալու տեղ մը կը գտնեն կոր, օրինակի համար, գարունը գալուն պես Ալեմտաղի կերթան, ամառը գալուն պես ծովը մտնելու համար գեղերը ու կղզիները կերթան, աշունը գալուն պես տաք ջուրերը կերթան, ձմեռ գալուն պես օղերը կը գեշնան և տեղ մը չեն երթար, ոչ իսկ Ընդհանուր ժողովը։ Ասանկ երթալու ըլլանը նե՝ կարծենք քիչ ժամանակեն Ընդհանուր ժողովին պիտի կարոտնանք։

Ասոր մեկ ճարը գտնելու է, կամ տարվույն եղանակներեն մին պակսեցնելու է և կամ նիստերը։

Եթե վաքանս է ըսվելու ըլլա նե՝ արդեն երեսփոխան էֆենտիները վաքանսնին Ընդհանուր ժողովո մեջ կընեն։

Ուրիշ անդամներ ալ ըսած ենք և դարձյալ կըսենք, Ընդհանուր ժողովո կանոնավոր նիստ ընելուն միակ ճարն է Ընդհանուր ժողովը մեծկակ սայլի մը մեջ գումարել, ներկա եղող երեսփոխանները սայլի մը մեջ դնել և մեծամասնությունը ուր է նե սայլը հոն քաշել, մեծամասնություն գոյացնել և ատյանը բանալ։

Գիտենք շատերուն տարօրինակ պիտի երևա մեր այս առաջարկությունը, շատերն ալ պիտի մեղադրեն մեզի ըսելով, թե՝ աս ըլլալո՞ւ բան է։

Ես ալ պիտի ըսեմ, Ընդհանուր ժողովին այս վիճակը ըլլալո՞ւ բան է։