Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՐԱԳԻՐ ԿԱՐԴԱՑՈՂՆԵՐԸ

Հայտնի է, որ հասարակության մեջ ամենամեծ մաս մը կա (Աստված բոլորովին անհետ ընե), որ բնավ լրագիր չկարդար։ Անկիր քիչ մը պզտիկ մաս մալ կա (Աստված քիչցնե) որ Օթլագնը կանվանվի, և որ ստակ չտալով, ի՛նչ լրագիր որ ձեռքն իյնա՝ կը կարդա։ Իսկ, երրորդ և ամենափոքր մաս մալ կա (Աստված օր օրի շատցնելով շատցնե), որ ստակ տալով լրագիր կը կարդա։ Ուստի, թողլով առջի երկու մասերը, տեսնենք, թե սույն վերջին մասեն գտնվող որ տեսակ անձերն են, որոնք այս ինչ, կամ այն ինչ լրագիրեն ախորժելով, զայն կը դնեն և կը կարդան։

ՄԱՍԻՍ. Խավարյալները։ Մասիսի թարգմանությանց և անոր հայերեն աշխարհաբարին հավնողները։ Ինքնիրեննուն բժշկություն ընել ուզողները (չորրորդ էջին ծանուցումները կարդալով)։

ՄԱՆԶՈԻՄԵ. Փանոսյանի պաշտ պանները։ Գլուխնին չցավող մարդիկ։ Երկու տողով հասկցվելիք բանը երկու հարյուր տողով հասկցողները։ Ագապյան և Փանոսյան վարժարանաց աշակերտներուն ծնողքները, (վասնզի շաբաթն երկու երեք անգամ սույն դպրոցներուն մեջ անցած՝ եղելությանց վրայոք պոլ պոլ տեղեկություններ տալով, լրագրույն երկրորդ էջը կը լեցնե)։ Զինքը ծաղրել ուզողները։ Դպրոցական բարեկարգությունը կարդալ ուզողները (սույն առթիվ լավ կըլլա հասարակության խրատել, որ առնվազն չորս հինգ տարվան համար բաժանորդ գրվի նույն լրագրույն)։ Քննադատելու կարողութենեն զուրկ անձինք։

ՓՈՒՆՋ. Խառն լարերե, և մանտըրտիկ կտրուկ և կանացի խորհրդածություններե ախորժողները։

ՕՐԱԳԻՐ. Ամեն տասը փարա և պարապ ատեն ունեցողները։

ԱՍԻԱ. Դեռ զանի չկարդացողները։

ՄԱՄՈԻԼ. Հակահասունյան հռովմեականք, և մասնավորապես Կյոչեյան էֆենտի: Հայհոյություն սորվիլ ուզողները։