Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օր քաղաքը կիջնան, բազմության մեջ կը պտըտին, անոր ասոր հետ խոսելով պարապ ժամանակ կանցունեն։ Ո՜հ, խենթ են մարդիկ։

Թե որ դուռը կղպելեն ետքը մեկը գա դուռը զառնե չբանար, բայց երբ կը տեսնե, որ դուռը շարունակ կը զարնվի՝ ներսեն կը հարցնե.

— Ո՞վ է ան։

— Ես եմ, քեզի տեսնել կուզեի։

— է՛հ, պարապ տեղը մի զարներ դուռը, անիկա ժամ մը առաջ հոս էր, բայց դուրս ելավ։ Ասկից զատ, անիկա միշտ հոս չգտնվիր, պարապ տեղը մեյ մալ մի գար, ըսելով հյուրը կը ճամբե և մեծ նեղությունե մը, կամ բանտեն խալըսածի մը պես կուրախանա։

Միշտ մտախոհ է։

Փողոցը գացած ատեն, թե որ իրեն ծանոթներեն մեկը տեսնե երեսը անդին կը դարձունե վախնալով, որ չըլլա թե զինք բարևե ու հետը խոսակցության բռնվի. բայց երբ կը նայի, որ ծանոթը (որովհետև բարեկամ չունի) իրեն կը մոտենա, շուտով ճամբան կը փոխե։

Սենյակին դուռը անզգուշությամբ բաց ձգած ատենը եթե հյուր մը գա հայտնելով, թե երկար խոսելիք ունի հետը, շուտով տեղեն կելնե և կսկսի սենյակը ավլել։ Եթե հյուրը շատ դժվարությամբ հաջողի զինք նստեցնել ու սկսի խոսիլ, բնավ մտիկ չըներ, այնպես որ ժամ մը շարունակ խոսող հյուրը երբ խոսքը վերջացնե և իրեն հարցնե թե՝

— Իրավունք չունի՞մ։

— Աստված արժանի ընե նե՝ մեյ մալ երբ պիտի տեսնվինք կըսե։

Բայց երբ ստիպեն զինք, որ կարծիք հայտնե, «Ես անանկ տղաէյկան բաներու վրա կարծիք չեմ կրնար հայտնել» ըսելով դիմացինը կը սաստե։

Երբ գրության մը վրա կարծիքը հարցվի՝ շատ ոչինչ բան է, կըսե։ Երբ ստիպեն զինք որ ըսածը հաստատե՝ կսկսի այսպես խոսիլ: «Լեզուն աղեկ է, բայց ոճը գեշ է. իմաստ ունի, բայց լեզուն հայերեն չէ. գրողը աղեկ պիտի կրնա գրել, բայց հմտություն չունի. հմտություն ունի. միտքը բացատրելու կերպը չգիտեր. գրությանը մեջ ճարտասանության կանոն չկա, կապ չկա, չէ նե ասոնք