Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՏԱՍՈՒՔ ՄԵՂՈՒԻ

Ի՞նչ ապշեցար մնացիր, ընթերցո՛ղ, միթե մարդիկ խնդալու և լալու ժամեր չունի՞ն։ Կարծեցիր, թե ես միայն խնդալո՞ւ համար ծնած եմ։ Սխալ է այդ կարծիքդ, ընթերցո՜ղ, ուղղե զայն, և սորվե, որ ես լալ ալ գիտեմ...

Լալ ալ գիտեմ։ Լացի իսկ, որովհետև ողջամտությունը յուր թռիչքն առավ խմբագրաց մեջեն, ճշմարտությունը խույս տվավ լրագրաց մեջեն, որովհետև կիրք կար անոնց մեջ. լրագիր չմնաց, որ կիրքը վռնդե և ճշմարտությունը հյուրընկալե...

Ո՞վ ես դու երեսփոխանություն, և ո՞ր օրենքով ժողովուրդը կը վռնդես դիմացեդ. ո՞վ տվավ քեզի այդ իշխանությունը։

Դուն ժողովուրդը կը ներկայացնես, լռելյայն անոր հրամանները պիտի կատարես, անոր բարվույն պիտի աշխատիս և ինչո՞ւ կը վախնաս անոր ներկայութենեն։

Ո՞ր պատգամավորն է այն, որ վախնա իրեն պաշտոնը կատարել այն անձին առջև՝ ուսկից իշխանություն առած է։

Ժողովուրդը քեզ կրնա վռնդել երբ զքեզ ապօրինավորության մեջ տեսնե. իսկ դու երբեք չես կրնար ժողովուրդը վռնդել, մինչև անգամ ապօրինավորության մեջ գտնվի ալ նե։ Ինչո՞ւ։ Որովհետև, երբ ամբողջ ժողովուրդը ապօրինավորության մեջ է, ըսել է, որ քեզի դեմ է. և երբ ամբողջ ժողովուրդը քեզի դեմ է, երեսփոխան ըլլալե կը դադրիս։

Ժողովուրդը այս վիճակին մեջ թեև հանցավոր՝ այլ զորավոր է, հետևաբար հաղթող։

Ասիկա պարզ ենթադրություն մէ, որ ըրինք քեզի հասկցնելու համար, թե տվյալ չէ քեզի անանկ իշխանություն մը, որով կարենաս ժողովուրդը դուրս վռնդել։

Եվ քանի որ այդ իշխանությունը չունիս և կուզես ձեռք բերել, քանի որ ժողովուրդեն ընտրված ըլլալովդ ժողովրդյան քեզի տված