Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իշխանութենեն զատ ուրիշ իշխանություն կուզես ունենալ, ալ երեսփոխանություն չես, բռնավոր մես։ Բավական է, որ ըրածդ բռնություն է, չես կրնար անոր Սահմանադրություն անունը տալ երեսփոխանության մը վճիռն ըլլալուն համար։

Միապետությունը միշտ միապետություն է, կուզե մեկ հոգի ընե զայն, կուզե Լենկթիմուր ընե զայն, կուզե Խորեն եպիսկոպոս ընե իր քանի մը արբանյակներովը։

Ուշադրությամբ կարդա ընթերցող, սիրտն է որ կը խոսի, պետք է որ սիրտը մտիկ ընե։

Ըսե՛ ինձ երեսփոխանություն, ի՞նչ իրավամբ կ՝ուզես դռներդ գոցել ժողովրդյան։

Կը վախնա՞ս իրմե. ըսել է որ անոր բարվույն չպիտի աշխատիս. ապա ուրեմն պետք է որ դռներդ բանաս, իր ներկայությունը ահ ու սարսափ ազդե քեզի. այո՛, այո՛, բերանդ պագնեմ, պետք է ժողովրդեն վախնաս, ո՛չ միայն վախնաս, այլ նաև դողաս, և այս է Սահմանադրականությունը։ Երբ երեսփոխանություն մը յուր ժողովրդեն չվախնար, ըսել է որ ժողովյրդյան կարևորություն չտար, և այն որ իր ժողովրդյան կարևորություն չտար բռնավոր մէ։

Երեսփոխանությունն առ ժողովուրդ պարտքեր ունի կատարելու։ Այս խոսքը բավ է հաստատել, որ երբ երեսփոխանությունը իր պարտքը չկատարե՝ ժողովուրդը զայն վար կառնե. և ո՜վ անմիտ տրամաբան զոյիլյան խմբին, եթե ժողովուրդը այս իրավունքը չունենար՝ երեսփոխանությո՞ւն կընտրեր։

Ժողովուրդն ալ առ երեսփոխանություն պարտք ունի կատարելու, այն է՝ զայն հաստատ պահել, երբ իր բարվույն կաշխատի։

Տեսա՞ր երեսփոխանություն, զքեզ հաստատ պահելու պաշտոն ունեցողը, զքեզ պաշտպանելու ուխտ ընող կամ ավոր զինվորաց բանակը, ժողովուրդը կըսեմ, դուրս կը վռնդես։

Այն որ իր պաշտպանը կանարգե, կը նախատե, գաղտնի նպատակ մը ունի անշուշտ։

Ըսե՛ երեսփոխանություն, ժողովուրդը չկատարե՞ց այս պաշտոնը։

Ղալաթիոյ եկեղեցիին մեջ գումարված Ընդհանուր ժողովին օրը, դուրս չհանե՞ց Մշեցի անուն մեկը, անցյալ նստին չլռեցո՞ւց պոռացողները, և այս երկու ժողովներու մեջ որո՞ւն քիթը արյունեցավ։

Ժողովուրդեն քանի մը թուլումպաճիներ Պեկյանը պիտի ծեծեն եղեր, արդյոք պիտի հանդգնեի՞ն ձեռքերնին վեր վերցունելու, և