Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶՈՅԻԼՅԱՆ ԲԱՆԱԿԸ

Ընթերցող, ճշմարտությունը այն վիճակի մեջ կուզեմ տեսնել, ինչ վիճակի մեջ որ էին Ադամ և Եվա դրախտեն դուրս ելած ժամանակնին։

Ճշմարտությունը մերկ եղած ժամանակը շատերուն անհաճո կերևա կըսե մեկը։ Ճշմարտությունը մերկ վիճակին մեջ՝ կորսվելու ենթակա է կըսե ուրիշ մը։ Ես ասոնց երկուքն ալ կը հերքեմ։ Առաջնույն համար կը պատասխանեմ. ճշմարտությունը տձև կողմ մը ունի, որ զայն հագցնենք, զարդարենք և այնպես ներկայացնենք։ Երկրորդին գալով կը պատասխանեմ, թե՝ ճշմարտությունը երբեք չկորսվիր, և եթե կորսվելու ենթակա է՝ կուզե մերկ ըլլա կուզե հագված, միշտ կը կորսվի։ Պարապ խոսք է այն, որ կըսեն, թե ստակդ քսակի մը մեջ դիր, որ չկորսվի, իբր թե քիչ քսակ կորսնցնոդներ ունինք այսօր, ջնջին խոսք է այն, որ կըսեն, թե ստակդ քասայի մը մեջ դիր, իբր թե անցյալ շաբթու գողերը քասա մը գողցած չըլլային։ Ինչո՞ւ երկարենք, միթե շատ անգամ պզտիկ տղաքները չե՞ն կորսվիր, այս տղաքները մերկ չէին ա՛, հարկավ քսակի մեջ էին։ Ինչ որ քսակը ստակի համար, նույնն է հագուստը մարդուս համար, միայն սա տարբերությամբ, որ առաջինը բնավ տձևություն մը չունենալուն համար կը հագցնեն, և երկրորդը, ինչպես կըսե Ռուսսո, ունեցած տձևությունները ծածկելու համար կը հագցնեն։

Թո՛ղ մարդս հագվի, բայց ճշմարտությունը միշտ մերկ ըլլալու է։

Բայց, պիտի ըսեն, կան ճշմարտություններ, որ հրապարակ ելնելու չեն։ Կընդունիմ ասիկա և կըսեմ, կան նաև մարդիկ, որ հրապարակ ելնելու չեն, օրինակի համար Այվատյանի պես մարդիկ։

Բայց, պիտի ըսեն դարձյալ, ճշմարտությունը երբ որ հագուստով ներկայանա նե՝ աչքերն ու ականջները չվիրավորեր։