Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈԻԼԻ ԼԵԶՈԻՆ

Կիկերոն Պղատոնին ոճին հավնելով ըսած էր թե՝ «եթե Արամազդ խոսիլ ուզեր՝ Պղատոնին ոճովը պիտի խոսեր»։ Կիկերոն եթե ողջ ըլլար՝ պիտի ըսեր, եթե Արամազդ հայհոյել ուզեր Մամուլի ոճովը պիտի խոսեր։

Մեծանուն մեկենասե մը պաշտպանյալ այս հայհոյիչ թերթը յուր շողոքորթությունը ծածկելու համար կըսե թե՝ յուր վսեմափայլ տիկնոջ հիվանդությանը առթիվ աղքատաց 2000 ոսկի բաշխող հարուստ մը գովելը շողոքորթություն է։

Կը ցավինք, որ Մամուլ շողոքորթ է առանց շողոքորթության սահմանը գիտնալու, ինչպես նաև մարդ է առանց մարդկության սահմանը գիտնալու։

Մամուլ սորվելու է, որ երբ գովեստ մը չափազանց է՝ շողոքորթություն կըսվի։ Յուր վսեմափայլ տիկնոջ վսեմափայլ հիվանդությանը առթիվ աղքատաց 2000 ոսկի բաշխող հարուստը ես ալ կը գովեմ, բայց հիվանդության մը պատճառավ տրված ողորմության համար չեմ ըսեր, թե՝ մյուս հարուստներն ալ ասոր օրինակին հետևելու են, իբր թե այդ հարուստը դպրոց մը կանգնած ըլլար կամ Մամուլի պես լրագիր մը կործանած ըլլար։

Մարդ մը փոսի մը մեջ կիյնա, մեկու մը օգնությամբը անկե դուրս կելնե և քովը եղող աղքատին ողորմություն կուտա, դուն ալ այդ մարդուն ուսը շոյելով կըսես.

— Ո՞ւր էր թե ամեն մարդ քեզի պես փոսը իյնար»․․

Այս խոսքը շողոքորթության վերջին ծայրն է, և կատակերգուք կը վախնան շողոքորթի մը բերանը ասանկ խոսք մը տալու, որովհետև բնականե դուրս է։

Կյոչեյան և Խրիսթաքի էֆենտիներն իրարու հետ բախտատելով՝ ցույց տված էինք, թե՝ Կյոչեյանը զինք շողոքորթողները կը պաշտպանե, իսկ Խրիսթաքի էֆենտին զինք հարվածողները։ Ասիկա