Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈԻԻ ԽՄԲԱԳԻՐՆ ԱԼ ՄԱ՞ՐԴ է ՄԻ

Առ քեզի նոր խնդիր մալ...

Ծանր է այս խնդիրը ընթերցո՛ղ, Քաղաքական ժողովին ամբաստանյալ ըլլալուն կամ չըլլալուն չնմանիր, խիստ ծանր է, որովհետև իմ մարդ ըլլալուս կամ չըլլալուս վրա կը կայանա։

Այս խնդիրը ո՜չ երեսփոխանությունը կրնա լուծել, ոչ Քաղաքական ժողովը, չեմ ալ ուզեր, որ հանձնաժողով մը կազմվի այս խնդրույն խորը քննելով տեղեկագիր մը պատրաստելու համար, որովհետև հանձնաժողովն ալ չկրնար խնդրույն խորը մտնել։ Այս խնդիրր ես միայն կրնամ քննել, այս խնդիրը ես միայն կրնամ լուծել։

Մեղուի խմբագիրն ալ մա՞րդ է մի։

Աղվոր հարցում.․․։

Այս հարցումը կընե Ասիային մեջ «Գ. Մատթեոսյան» ստորագրություն կրող արարած մը՝ որուն համար ոմանք Ասիայի խմբագիր Հ․ Խանճյանն է կըսեն։

Ո՜վ որ ալ ըլլա այս կը գովենք զինքը, որ ասանկ հարցում մը ուղղելով կը հրավիրե զմեզ իրեն պատասխանել, և մեր մարդ ըլլալու խնդրույն էական կետերը իրեն ցույց տալով՝ շոշափելի փաստերով համոզել զինքը, թե Մեղուի խմբագիրը մարդ է։

Գ․ Մատթեոսյանը մեր հաջորդ թերթին թող սպասե։