Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԿՆՈՋ ՄԸ ՆԱՄԱԿԸ

Անկողմնակալությունը պարտը կը դնե մեր վրա հետևյալ նամակը հրատարակել։

Մեծապատիվ խմբագիր.

Գետնին տակը անցնիս... աչքերդ կուրնան, ականջներդ խուլնան, քուկին պատճառավդ տուներնուս մեջ ամեն գիշեր կռիվ կըլլա կոր։

Մեծապատիվ տեր, գլուխդ չորնա, ձեռվըներդ, ոտվըներդ քաշվին, բերանդ գոցվի[1], անդամալույծի պես տեղեդ չկարենաս շարժիլ, պատգարակի մեջ տեսնեմ զքեզ[2], հիվանդ պառկես, և ուտելու հաց չկարենաս գտնել, ծարավիս ու խմելու ջուր չկարենաս գտնել, վերջապ ես մեծապատիվ խմբագիր, սատկիս, և թաղվելու գերեզման չգտնելով փողոցներու մեջ գլտորիս[3]։

Կաղաչեմ, մեծապատիվ խմբագիր մի՛ բարկանար[4], քաշածներս գիտնայիր նե՝ դուն ալ ինձի պես պիտի խոսեիր։ Երկու շաբաթ Է, որ տուներնուս մեջ շենք շնորհք սեղան նստած չունինք։ Իմ Էրիկս երեսփոխան Է. դռնփակ նիստ կուզե եղեր, դուն ինչո՞ւ համար դռնփակ նիստին դեմ կը խոսիս կոր ու Էրիկս կը բարկացնես կոր։ Առջի իրիկուն այնչափ բարկացեր Էր, որ սեղանը տակնուվրա ըրավ, բոլոր կերակուրները գետինը թափվեցան. տղաքները վախցան, և այս ամենը քուկին դռնբաց նիստ ուզելուդ համար եղավ։

Ա՜հ, մեծապատիվ խմբագիր, քուկին պատճառով գիշերները հանգիստ քուն ալ չունինք, ո՛չ ինքը կը քնանա և ո՛չ տանը մեջ եղողները կը քնացնե և եթե Աստված չընե, դռնփակ նիստ չրլլա, էրկանս վիճակը գեշ պիտի ըլլա, պիտի հիվընդնա։

  1. Կերևի թե՝ տիկինն ալ դռնփակ նիստ աւզողներուն կարգեն է։
  2. Պատգարակին վրան գոց ըլլալու է։
  3. Քոմիսիոնը կը վերցնե։
  4. Բարկանալու ինչ կա որ, փառք Աստուծո։