Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՌԻՎ

Մարդ մը կա աշխարհիս վրա, որ անսխալ եմ կըսե ու սխալմունքեն դուրս ելած չունի։

Այս մարդուն անունը պապ է։

Գիրք մալ կա աշխարհիս վրա, որ ան ալ անսխալ է։

Այս գրքին անունն ալ տրամաբանություն է։

Տրամաբանությունը կըսե.

Մարդս սխալական է.

Պապը մարդ է.

Ապա ուրեմն պապը կամ սխալական է, կամ մարդ չէ, այլ գերմարդկային գոյություն մը։

Վենետիկի միաբանությունը կըսե.

Պապը թե՛ մարդ է և թե՛ սխալական չէ։

Մեղու կըսե.

Վենետիկի միաբանություն, կամ տրամաբանությունդ փոխե կամ պապդ:

Վենետիկի միաբանությունը առաջ մերժած էր անոր անսխալականությունը, բայց հիմա կընդունի։ Ինչո՞ւ։ Որովհետև միաբանությունը սխալական է։

Միաբանությունը այս սխալմունքի մեջ իյնալեն ետքը այս օրերս երկու վարդապետ կը ղրկե հոս՝ որ Գատը գեղի միաբանության դպրոցին մեջ գտնված վարդապետներուն իմացնե, թե պապը անսխալ եղավ։

Այս վարդապետները հոս կուգան և շիտակ Գատը դեղի Մխիթարյան դպրոցին դուռը զարնելով ներս կը մտնեն։

— Ողջույն ընդ ձեզ։

— Ողջույն, բարի եկաք։

— Գործ ունինք, պիտի երթանք, ձեզի նոր լուր մը բերինք։

— Լուր բերելու համար դո՞ւք եկաք, նամակով չէի՞ք կրնար գրել։