Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նամակով չէր ըլլար...

— Ի՞նչ է բերած լուրերնիդ։

— Մեր պապը չկա՞։

— Է՜յ կա։

— Ահա ան մեր պապը, որ կա, աբբահայրը բարև ըրավ և ըսավ, որ ան մեր պապը անսխալ է եղեր։

— Առաջ սխալական էր նե։

— Մարդս առաջվան պես կը մնա՞ մի յա, մարդ ըսածդ փոփոխության ենթակա չէ՞ մի։

— Ե՞րբ եղավ անսխալ։

— Մեկեն ի մեկ եղավ, մենք ալ զարմացանք։

— Չըսե՞ս որ հիվանդության մը պես եկավ այս անսխալականությունը վրան։

— Աբբահայրը հատկապես սիրո բարև ըրավ, թե որ պապին անսխալականությունը չընդունիր՝ այս դպրոցեն դուրս պիտի երնեք։

Այս խոսքին վրա վարդապետները կսկսին իրարու երես նայիլ։ Քանի մը վայրկյան այսպես նայելեն ետքը կսկսին այդ երկու առաքյալ վարդապետներու երեսը նայիլ, առաքյաչ վարդապետներն ալ գետինը կը նային։ Չորս ու կես ժամու չափ այսպես նայելեն ետքը կսկսին նորեն իրարու երես նայիլ և ան օրը իրարու երես նայելով կանցունեն, թերևս մեյ մալ իրարու երես չնայելու նախատեսությամբ։ Հետևյալ օրը նորեն կսկսին իրարու երես նայիլ։

— Ի՞նչ կը նայիք կոր, կամ անսխալականությունը ընդունեցե՛ք կամ դուրս ելե՜ք։

Այս խոսքին վրա վարդապետները դարձյալ կսկսին իրարու երես նայիլ։ Կես ժամու չափ այսպես նայելեն վերջը երկու առաքյալ վարդապետները դպրոցեն դուրս կը հանեն։

Մեզի մնա նե՝ վարդապետները դուրս ելնելու էին, շոգենավ մը մտնելով Վենետիկ երթալու էին և աբբահոր ըսելու էին։

— Անսխալականությունը կընդունիս նե՝ դուն ալ ասկեց դուրս ելիր։

Ասանկով խնդիրը կը վերջանար։

Չդիտենք հիմա, թե առաքյալ վարդապետնե՞րը դպրոցեն պիտի ելլեն, չէ նե՝ վարդապետները:

Երկուքեն ո՜րն ալ ըլլա գոնե պիտի գիտնան ուսկից ելած ըլլալնին, բայց այս խնդիրր ուսկի՞ց ելավ։

Ան չգիտենք։