Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րավոր դպրոցներ կունենար եթե ամեն թաղեցի Սամաթիացիի պես ըլլար:

Հարցուր իրեն, թե ո՛ր դպրոցի տնօրենը այնպես կը դաստիարակե յուր սանուհիներն, հարցուր, թե կը վայլե՞ ասանկ շարունակ աղջիկները պտըտցնել։

Պիտի պատասխանե։

Ես ազգին ծառայություն մը ընելու համար, ազգասիրությունս գործադրելու համար զանոնք պտըտելու կը տանիմ կոր։


Կը տեսնես խմբագիր մը, որ յուր թերթերն անոր ասոր պատվույն դպչելու համար կը մրոտե միայն. ամեն օր մեյմեկ սուտ կը հանե և տարաձայնություն ըսելով կը հրատարակե. գիշերը երազին մեջ տեսածները իբրև իրողություն կը գրե և ընթերցողներուն կլլեցնել կ՝ուզե։

Հիմա հարցուր անոր, թե ինչու՞ սուտ կը խոսիս և անոր ասոր պատվույն կը դպչիս։

Պիտի պատասխանե։

Ազգասիրությունը ասանկ կըլլա։


Տես, ահա թաղական մը, որ դպրոցը առաջ պիտի տանիմ ըսելով տուն մը ժողով կը գումարե, նախ հոգաբարձություն մը կը կազմե վեց անձերե բաղկացյալ. ասիկա քիչ կուգա, ուրիշ մալ կը կազմե տասներկու հոգիով, աս թիվն ալ փոքր ըլլալուն մեկդի կը գնե. վաթսուն հոգիե բաղկացյալ հոգաբարձություն մը կը կազմե, կը նայի, որ հոգաբարձուներուն թիվն աշակերտներուն թվույն կը հավասարի, շուտով կը լուծե, կը շվարի կը մնա։

Հիմա այս թաղականին հարցուր, որ ինչու՞ այս ընթացքովը դպրոցը կը կործանե։

Պիտի պատասխանե։

Ազգասիրությունը այսպես կը պահանջե։


Նայե այս երիտասարդին, ինչպես կը քծնի սա օրիորդին, կ՝աղաչե, կը պաղատի, կը շողոքորթե, համոզել կաշխատի, «Քեզ կը պաշտեմ, կը սիրեմ» ըսելով ինչպես կը կոտրտի։