Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՌՈՊԵՐԹՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Առջի օրը հայ տղա մը ծեծ կերեր է նե ա՞ն պիտի պատմես Մեղու:

Չէ՛, Ընթերցող չէ՛, ծեծի խնդիր չէ։ Եվ արդեն ծեծի խնդիրը ի՞նչ է, որ դպրոցին տնօրենը այդ տեսակ խնդիրները ինք կը լուծե կոր։ Դյուրին ճամբա մէ գտեր մեր վերապատվելին, և այդ ճամբով դպրոցին բոլոր տղաքներն ալ ծեծե նե՝ դարձյալ իրավունքը իր քովը կը մնա կոր։ Այս վերապատվելին տղա մը ծեծելեն անմիջապես ետքը բարտոն մը կը կոխե կոր, այս բարտոնը կոխելուն պես տղան ծեծ չկերածի պես կըլլա կոր, իբր թե տղան շոյած կըլլա կոր։ Այս բարտոնը, ինչպես որ ուրիշ անգամ ալ ըսած եմ, մեծ բան մէ եղեր, մեր խելքը չհասնիր եղեր, ինչ հանցանք որ ալ գործես՝ բարտոն մը ըսելուդ պես կը լմննա եղեր։ Անանկ է նե՝ կըսեմ ես ալ, ինչու այս աշակերտները հանցանք մը գործելնուն պես շուտով բարտոն մը չեն կոխեր կոր և ծեծ ուտելու կստիպվին կոր։ Կամ այն է, որ աշակերտը համառություն ընելով բարտոն չեն ըսեր կոր, կամ տնօրենը միջոց չտար կոր իրենց, որ բարտոն ըսեն։ Ինչ և է, մեր շնորհակալությունները կը հայտնենք վերապատվելի տնօրենին կամ տնօրեն վերապատվելիին, որ ծեծելեն ետքը բարտոն կըսե կոր։ Տեսակ մը կառավարիչներ կան, որ թե կը ծեծեն և թե բարտոն չեն ըսեր։

Այս անգամվանը ծեծի խնդիր չէ ըսի ընթերցող, և դուն ալ չհարցուցիր, թե ինչի՞ խնդիր է։

Այս անգամվանը կրոնի խնդիր է բարեկամ։ Տնօրենը առջի օրը ըսեր է, թե աշակերտը պարտավոր են բողոքական վարդապետությունները սորվիլ և կիրակի օրերն ալ ժողովարան երթալ և քարոզ լսել։ Տնօրենը ըսեր է նաև աշակերտաց, թե կույր զկուրայն իրենց կրոնավորաց ըսածներուն համոզվելու չեն և թե այս դարը լուսավորյալ դար է եղեր, տասնևիններորդ դար է եղեր, և թե՝ Ռո-