Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տվե՛ք, որ պատասխանատվությունը ձեր վրա չմնա ըսավ, և վերջապես գինու զորությամբ ուզեց ժողովրդյան իրավունքը յուր կրքին զոհել։

Ընթերցող, խնդիրը աջակողմյանի ձախակողմյանի խնդիր ըլլալե կը դադրի, խնդիրը ժողովուրդը իբր գերի գործածելու խնդիր ըլլալ կսկսի։

Պարզենք։

Քաղաքական ժողովո հրաժարականի խնդիրը երբեք արտաքո կարգի նիստի կարոտություն չունի, ինչպես որ ասկից առաջ ալ Քաղաքական ժողովին հրաժարականը ընդունող նիստը արտաքո կարգի չէր։ Քաղաքական ժողովին հրաժարականի խնդիրը դռնփակ նիստ ալ չպահանջեր, ինչպես որ մինչև հիմա ալ չպահանջեց։

Օրագիր, ինչպես որ հայտնի է, առաջ ճնշում կա ըսավ, վերջեն դատավորական է և խել մը բաներ ըսելեն ետքը, հիմա ալ խնդրույն բնությունը դռնփակ կ՝ուզե, նիստը արտաքո կարգի է ըսելով՝ ժողովուրդը տղու տեղ կը դնե, տերության միջամտությունը կը խնդրե, որպեսզի ժողովուրդը վախցունե և այնպես յուր դավն առաջ տանի։

Լսածնուս նայելով դիվանն ալ որոշեր է եղեր Բարձրագույն Դռան իմաց տալ։

Ատտիլա իսկ այսպիսի բարբարոսություն ըրած չէ...։

Թող Բարձրագույն Դռան իմաց տրվի և զինվորք ղրկվին, որպեսզի պատասխանատվությունը իրենց վրա չմնա, թող երկնքեն սերովբեք և քերովբեք վար իջնան և Ընդհանուր ժողովո դռան առջև կայնին, թո՛ղ ժողովուրդը այսպես իբր գերի գործածվի, մենք պիտի ըսենք, թե՝ այս նիստը արտաքո կարգի չէ, այս խնդիրը դռնփակ նիստ չպահանջեր։

Այո՛, պիտի ըսենք, որովհետև համր ըլլալը բան մը չէ. լեզու ունենալ և ժողովրդյան իրավանց պաշտպանությանը համար չխոսիլը համր Վասակ ըլլալ է. կույր ըլլալը բան մը չէ, աչք ունենալ և իրավանց հավասարություն չտեսնելը կույր և միանգամայն գերի ըլլալ ըսել է։

Թող կտրի այդպիսի լեզու մը... մեզ փույթ չէ... թող հանեն այսպիսի աչք մը, ուրախ կըլլանք, որովհետև լավ է համր և կույր ըլլալ, քան թե համր Վասակ և կույր գերի...։

Ժողովուրդեն մեկ քանի հոգի իբր թե ճնշում բանեցուցած են եղեր Պեկյանի վրա. դիվանը այդ ճնշումը բառնալու համար ամբողջ ժողովուրդը կը ճնշե. անհատի մը ճնշվիլը ժողովուրդը ճնշելով