Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Մենք ալ պատիվ ունեցանք կիրակի օրը սույն ժողովույն ներկա գտնվելու։

Վիճաբանելիք խնդիրք սա էր թե՝ գրաբարը նախակրթարանի՞ մեջ ավանդվելու է, չենե ուսումնարանի մեջ․ վիճաբանողներեն ոմանք աշխարհաբարին ու գրաբարին ո՞ր լեզուեն հառաջ եկած ըլլալուն վրա կը վիճեին։ Շատ վիճեցին ասոր վրա․ հազիվ թե՝ գրաբարին ուսկից եկած ըլլալը կը գտնեինք, աշխարհաբարը կը փախցունեինք, աշխարհաբարը կը գտնեինք, գրաբարը կը կորսնցնեինք։

Դժբախտություն․․․։

Մեկը կըսեր, թե՝ աշխարհաբարը դարերու շփումե հառաջ եկած է։

Անանկ է նե՝ կըսեի ես ալ մտքես, մեր աշխարհաբարը ելեքտրականություն մէ: Մտքես անցնիլը և համոզվիլս մեկ եղավ։ Ի՞նչ է պատճառը, որ ամեն օր նոր նոր աշխարհաբարներ կերևան կոր։ Պատճառը սա է, որ այդ թշվառական դարերը՝ գործերնին լմնցնելնուն պես կսկսին կոր զիրար շփել, զիրար շփելնուն պես կը նայիս, որ աշխարհաբար մը երևան կուգա կոր։ Խոլերայի ժամանակ մարդիկ զիրար կը շփեին նե՝ քրտինք դուրս կուգար։ Եկո՛ւ տես, որ դարերը զիրար շփեն նե՝ աշխարհաբար ի լույս կուգա կոր։

Ուրիշ մը կըսեր, թե աշխարհաբարը գրաբարին աղավաղյալն է։

Ասոր ալ խելքս չհասնիր։ Եթե աշխարհաբարը գրաբարին աղավաղյալն էր՝ գրաբարը կորսվելու էր։ Օրինակի համար, երբ ձեռքս պատռած ու տձև շապիկ մը առնեմ և ըսեմ, թե այս շապիկը իմ նոր շապիկես շինված է, և երբ մյուս կողմեն ալ նոր շապիկս ցույց տամ․ տեսնողը չ՞հարցներ ինձ թե․