Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆՐ ԼՈԻՐԵՐ

<2>

(Օրագրին հետևելով)

— Առջի օրը մեծկակ ձուկ մը ծառի մը վրա ելնելով՝ պտուղ փրցուցած ատենը պարտիզպանը կը տեսնե, իսկույն հրացանը ձուկին վրա կը պարպե։ Ձուկը կը թռչի կազատի։

Ստեփան Էֆենտի Փափազյան Թադեոս եպիսկոպոսը մեծցնելու համար 200 ղուրուշ ամսականավ ստնտու կարգըվեցավ Նորին սրբազնության։

Առջի օրը մարդուն մեկը ջրհորի մը մեջ ինկած ըլլալով՝ դրացիները կը վազեն չվան մը կերկնցնեն, որ մարդը վեր առնեն, բայց որչափ մեծ կըլլա զարմանքնին, երբ կը տեսնեն, որ ջրհորն ալ մարդուն հետ վեր ելած Է։

Երեկ գիշեր Քրիստոստուր Էֆենտի Ղազարոսյան խնձոր մը կերած ատենը, անզգուշությամբ խնձորին մեջը կիյնա։

Առջի օրը նավակ մը կամուրջին առջևը ընկղմելու վիճակին հասնելով թիավարները այնչափ ուժով կսկսին թի քաշել, որ նավը կը կայնի և ծովը կսկսի քալել դեպի Սև ծով։ Այս պատճառավ է ահա, որ կըսեն թե՝ մայրաքաղաքս Օտեսային մոտեցած է, և թե ասկից մինչև Օտեսա երկու Ժամվան մեջ կրնա երթըցվիլ։

Ասկից ամիս ու կես առաջ պարտիզպանին մեկը ասդին անդին Օրագիր ցանած ըլլալով այս օրերս գետնին տակեն Օրագիրներ բուսնիլ սկսան։ Ասկից է որ քանի մօրե ի վեր փողոցներու մեջ կոխկոտած Օրագիրներ կը տեսնվին։