Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՆԴՐՈԻՅՆ ԲՆՈՒԹՅՈԻՆԸ ԵՐԱԶԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՅԱԼ

Խնդրույն բնությունը օձիքը ազատելու համար փախուստի ճամբա մը փնտրած ատեն՝ անզգուշությամբ Հիպնոսի մթին քարայրին մեջ մտավ, և անզգուշությամբ Հիպնոսին անկողնույն բոլորտիքը թռչող երազներուն զարնվելով արթնցուց քնո աստվածը։

— Ո՞վ ես դու, հարցուց Հիպնսս, խնդրույն բնության։

— Խնդրույն բնությունն եմ, պատասխաներ խնդրույն բնությունը։

— Խնդրույն բնությունը ի՞նչ ըսել է։

— Խնդրույն բնության ինչ ըլլալը չեմ դիտեր, միայն խնդրույն բնությունն ըլլալս դիտեմ։

— Երա՞զ ես, թե իրականություն, թշվառական, պոռաց քունեն արթնցած Հիպնոսը աչքերը շփելով։

— Երազ եմ, երազ, կը պատասխանե խնդրույն բնությունը։

— Ո՞վ ղրկե քեզի հոս։

— Խնդրույն բնությունը։

— Սա դռները բացե՛ք և Մորփեոս տղաս կանչեցեք։

— Դռները չեմ կրնար բանալ, իմ բնությունս դռնփակ կուզե։

Այս միջոցին Մորփեոս ներս կը մտնե և յուր հորմեն հրաման կընդունի, որ բոլոր երեսփոխանաց ու կրոնավորաց վրա մեկոններ սփռելով զանոնք քնացնե։

Մորփեոս մեկոնի փունջեր առնելով՝ երեսփոխանաց և խմբագրաց վրա կը սփռե։

— Եվ որովհետև, կըսե Հիպնոս խնդրույն բնության, դուն իրականության կերպարանքով երազ մես եղեր, ես ալ զքեզ իմ երազներուս կարգը կանցունեմ։ Թռի՛ր, գնա՛, ալ կրնաս ուզած մարդուդ քնույն մեջ երևնալ։

Խնդրույն բնությունը երազի փոխակերպվելուն պես կը թռի ու Պեկյանին անկողնին բոլորտիքը կսկսի թռչտիլ։ Պեկյան կը տեսնե երազը։ Երազը իսկույն ճնջումի կը փոխվի։ Ճնշումը Փլո-