Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՐԱՇՔ

Մեծահամբավ ձեռնածու պարոն էբսթեյն ամեն գիշեր հրաշք կը գործե եղեր Բերա։ Հանդիսականը ուժգին ծափահարություններ կընեն եղեր ի պատիվ անոր հրաշքներուն։

Պարոն էբսթեյն ժամացույց մը կառնե եղեր, կը կոտրե եղեր, վերջն ալ ատրճանակի մը մեջ դնելով՝ ատրճանակը պարպելուն պես ժամացույցը պատեն կը կախվի, կը մնա եղեր։ Ասկից կը հետևի, թե՝ աշխարհիս վրա տուներու և խանութներու մեջ պատեն կախված որչափ ժամացույց կա նե՝ ամենն ալ պարոն էբսթեյնին ատրճանակյա գործարանոն ելած են։

Պարոն էբսթեյն այս տեսակ հրաշքները բանի տեղ չդներ եղեր, իր հրաշքներեն ամենեն մեծը և ամենեն անհասկանալին սա է, որ մարդու գլուխ կը կտրե եղեր, և կտրած գլուխը նորեն տեղը կը դնե եղեր։

Պարա՜պ աշխատություն․.. եթե նորեն տեղը պիտի դնե՝ ի՞նչ հարկ կա կտրելու։

Մենք, ինչպես նաև ուրիշները, այս տեսակ հրաշքներու չենք հավատար, տղա չկա մեջերնիս։ Եթե պարոն էբսթեյն կը վստահի իրեն հրաշագործությանը, թո՛ղ բարեհաճի հոճասարյանին ու Այվատյանին գլուխները կտրել և հոճասարյանին գլուխը Այվատյանին՝ Այվատյանին գլուխն ալ հոճասարյանին մարմնույն գագաթը զետեղել։

Եթե այս ընել հաջողի՝ շահու մեծ աղբյուր մը կը բացվի իրեն, որովհետև շատ մարդիկ կան աշխարհիս երեսը, որ գլուխնին փոխել կուզեն և չկրնալնուն համար ետ քաշվեր են։ Եթե, ընդհակառակը չկարենա աս ընել թող բարեհաճի գոնե իր գլուխը փոխել։