Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍՏՎԱԾ ԱԿՆՀԱՐՈՒԹԵՆԵ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՑԵ՜․․․

Մեր բախտե՞ն է, ինչեն է չգիտենք, շըմենտըֆերը էտիրնե բանիլ սկսած օրեն ի վեր օր մը չլսեցինք, թե այսօր շըմենտըֆերը և մեջի ճամբորդները ողջ առողջ էտիրնե գացին։ Օր մը կը լսենք, որ կառախումբը գծեն դուրս է ելեր և մեծ դժվարությամբ կրցեր են դարձյալ գծին մեջ դնել, հետևյալ օրը կը լսենք, որ ջուրը լմնցած ըլլալուն այս ինչ գեղին առջև կայներ ջուրի կսպասե. օր մը կիմանանք, որ այս ինչ կամուրջը ավրված ըլլալով ճամբորդները մեկ կառախումբեն մյուս կառախումբը փոխադրված են. քանի մօր կանցնի, լուր կուգա, որ ճամբաները ավրված ըլլալով ճամբորդները դաշտի մեջ անցուցին գիշերը. օր մը ետքը կիմանանք, որ երկու կառախումբ իրարու զարնելով ճամբորդներն ալ իրարու զարկին, բայց մեքենայապետության շնորհիվ վտանգ մը չպատահեցավ, միայն մեկուն գլուխը պատռեցավ, մեկալին ոտքը կոտրեցավ, մյուսին աչքը ելավ, ուրիշի մը ձեռքերը կտրվեցավ։

Շիտակը մեր շնորհակալությունները կը հայտնենք այս վարպետ մեքենայապետներուն, և կը հուսանք, որ իրենց շնորհիվը իրենց բոլոր կառախումբերը մեյ մեկ գնայուն հիվանդանոցներ կը դառնան։ Այս առթիվ կը ծանուցանենք Շըմենտըֆերի ընկերության, որ մեր Ազգային հիվանդանոցը ընե իրեն Պոլսո կայարան, և էտիրնեեն եկող բոլոր ճամբորդները նախ հոն իջնան, բժշկվին և վերջը զատ կառախումբով մը Պահճե Գաբու գան։

Զարմանալ պետք չէ. լրագրաց մեջ դարձյալ կարդացինք, որ առջի օրը մայրաքաղաքես մեկնող կառախումբը գիշերը գացած ատեն գծին վրա լույս մը կը տեսնե և կառախումբը կը կայնեցունե. մարդուն մեկը լապտերով կերթա եղեր, բայց էտիրնեեն եկող կառախումբը մյուս կառախումբին զարնելով ճամբորդներեն մեկ քանին վնասվեր են։

Աղեկ ա՜, ճամբուն վրա լույս եղած ատենը ասոնք իրարու