Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՀԱ ԱՅԺՄ ՓԱՌԱՎՈՐԵՑԱՎ

Պ.Ս.Պ.Պ.Փ...

Այս անձը յուր աշխատասիրություններով հանրածանոթ, սիրտը նեղացած ատեն կողովը ուսը զարնելով ասդիեն անդիեն կանոններ ժողվելով, կեսն ալ կողովին տակեն թափելով ի հիշատակ յուր բարեկամաց քերականություններ գրող, տպող, ծախող, բանաստեղծությանցը մեջ մուսաներու հավասարող, երևելի, գործունյա և ազգասեր մեկն է։ Ասկեց զատ Ղալաթիո վարժարանին տնօրեն-դասատուն է․ հետևապես գավառացի խեղճ աշակերտաց ապառնին անոր ներկայեն և անցյալեն կախյալ է։

Այս անձը բնավ չուզեր պարապ անցունել յուր ժամերը, միշտ կը գործե, աղեկ կամ գեշ. միշտ կերթա, աջ կամ ահյակ, հառաջ կամ ետ։ Ինչ վնաս ունի, բավական է, որ գործե, բավական է, որ քալե։ Իրեն հարցունող կա՞, թե ու՞ր կերթաս, կամ ուսկի՞ց կուգաս։

Չգործելն իրեն համար մեծ կորուստ մ՛է. գործելն ալ դպրոցին համար մեծ վնաս:

Վերջին օրերուս մեջ մեր ժրաջան էֆենտին տեսնելով, որ զբաղմունքը թեթևցեր է և վախնալով, որ չըսեն թե Փ... էֆենտին պարապ կեցեր է, այնպիսի մեծ գործ մէ տեսեր, որ յուր անունը դարուց ի դարս պիտի հիշվի․ ինչ ընենե՝ աղեկ, վարժարանին մեջ գտնված տասնի չափ հառաջադեմ աշակերտներն դպրոցեն դուրս է վռնտեր։

Հիմա ընթերցողը պիտի ըսե, որ տնօրենը անօրենություն է ըրեր, բայց չէ, աշակերտներուն գործած հանցանքին հետ բաղդատելով տրված պատիժը շատ թեթև է, կրնանք ըսել, որ Փունջեն ավելի թեթև է։

Աշակերտներուն առաջին հանցանքը գաղղիերեն լեզուն չհասկնալնին է։