Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԲՈՍԱՆԱՑ ԵՂԱՆԱԿ

Տխրությունը մեկդի, զվարճանա՛նք։

Թատրոնի եղանակին մեջ ենք, եթե ժամանակեն օգուտ չքաղեցինք, գոնե եղանակեն քաղենք, ժամանակին պակասը թո՞ղ եղանակը լեցունե։

Այս տարվան եղանակը զբոսալի պիտի ըլլա, Կետիկ Փաշայի և Բերայի թատրոնները սկսան իրենց ներկայացումները տալ։ Գատը գյուղինը և Օրթագյուղինը քիչ օրեն պիտի սկսին։

Դերասանք մերթ լացունելով, մերթ խնդացնելով մեզի կրթելու պաշտոնն ունին եղեր, մենք կրթվելու պաշտոն չունենալնես ետքը իրենց պաշտոնը ինչի կը ծառայե։

Մեզի պիտի կրթեն եղեր... սուտ է։

Կրթեն բառը ես ալ կընդունիմ առանց r—ի և ճշմարտությունն ալ ան է։

Մեzի պիտի կրթեն եղեր... Թատրոնը դպրոց մէ եղեր, մեծ (չափահաս) մարդիկ հոն երթալու են եղեր, ուշի ուշով հանդիսատես ըլլալու են եղեր ներկայացմանց, և ասանկով բարոյականին կը շտկվի եղեր։

Ամենն ալ սուտ է. նախ դերասանք և դերասանուհիք իրենց ընթացքը շտկելու են և Մեղուին ականջ տալու են. օրինակի համար, ես երեսնուն կարմիր քսողները կը հարվածեմ, դերասանուհիները երեսնուն կարմիր կը քսեն, ես տեքութեին դեմ եմ, մինչդեռ դերասանուհիք կուրծքերնին և թևերնին բոլորովին կը բանան, ես երիտասարդներուն չափազանց թուալեթին դեմ կը խոսիմ, անդին դերասանուհիք անոնցմե ավելի կը հագվին կը սգվին կը քսվին[1]։

Միտքս սխալ չհասկցվի։

Այս ամենը կընեն և կը համարձակին ըսելու, թե մեզի պիտի կրթեն եղեր։

  1. Թատերաբեմի վրա։