Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկրորդին գալով կը պատասխանենք, որ մենք և ոչ մեկուն գործիք եղած ենք, գործիք ըլլալու համար չենք ստեղծված մենք իրեն պես, այլ գործավոր ըլլալու համար, մենք մեր ճակտին քրտինքովը կապրինք և մեր բաժանորդաց ու ընթերցողաց մեզի ցցուցած համակրությամբը կը սնանինք, սիրովը կապրինք և քաջալերությամբը կը մեծնանք։ Եթե մենք ունայնամիտ ու փառասեր ըլլայինք, թե՜ մայրաքաղաքիս այլ և այլ թաղերեն և թե՛ հեռավոր տեղերեն առ մեզ ուղղյալ համակրական նամակներն մի ըստ միոջե կը հրատարակեինք մեր թերթին մեջ ի կարմրություն երեսին Մամլո, և Մամուլ կը տեսներ, որ Մեղուին ամենեն մեծ մոլություններն, իսկ Մամուլին ամենեն մեծ առաքինություններն են, կը հրատարակեինք այդ նամակները ո՜չ թե մեզի պարծանք մը ըլլալու համար, այլ քեզի սորվեցնելու համար, որ մեյ մ՝ալ ինքզինքդ չգովես և ուրիշներուն շրթանց թողուս կատարել այդ պաշտոնը, որ անգամ մալ ինքզինքդ ուրիշներուն հետ բաղդատելու չելնես՝ և այդ պաշտոնն ալ հասարակության թողուս։

Ժանտախտ մեմ եղեր... է՜հ, կը խոստովանիմ, որ ժանտախտ մեմ մոլությանց համար, ժանտախտ մեմ Մամուլին համար:

Երբ ես կը խնդամ դուն կուլաս, երբ դուն խնդացնելու ճիգ ընես` այն ատեն ալ ես կուլամ։ Չկարծես որ այս տողերով ինքզինքս կը գովեմ, քա՜վ լիցի, չափս կը ճանչնամ և պետք չունիմ ուրիշին հարցնելու, թե ինչ կարժեմ։ Զորավոր չեմ, եթե երբեմն, երբեմն զիս զորավոր տեսնես՝ գիտցիր որ քու տկարութենեդ քաջալերված եմ․․․։ Խե՜ղճ Մամուլ, քեզի քանի քանի անգամ ըսվեցավ, որ լրագիր լեցունել տալը սափոր լեցունելու չնմանիր, գրիչ բռնելը սափոր բռնելոը չնմանիր, հրապարակի վրա խոսիլը մեկ սենյակի մեջ քաշված, երկու հոգիի խոսակցության չնմանիր, այս ամենը ըսինք քեզի, դուն կատակ կարծեցիր այն ատեն, է՜հ, հիմա ալ ճշմարիտ կարծե՛:

Մամուլին բոլոր այս խենթությանց պատճառը Կյոչեյանի խնդիրը կորուսած ըլլալն, և ասոր համար էր, որ բուն խնդիրեն շեղելով, սկսավ ինքզինք մեզի հետ բաղդատել, ինչպես որ երբեմն Օրագրո և ուրիշ լրագրաց հետ, կարծելով, թե դատին մեջ ըրած կորուստը բաղդատության մեջ պիտի գտնա։ Հոն ալ վրա տվավ խեղճը։

Կյոչեյան էֆենտիի այս խնդրույն մեջ մտած ատեննիս պարտավոր ենք հիշել, որ մենք անոր դեմ գրելու համար չենք գրեր կոր, այլ միայն հասկցնելու համար, որ ինչպես որ ինք իր կրոնա-