Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս խեղճ թուղթը Կյոչեյանը շողոքորթելու համար հայ ազգին մեջ որչափ դպրոց կառուցած հայ կա նե՝ ամենն ալ մեռցուց, որպեսզի յուր բարերարը և ազգային մամլո թշնամին անօգնական ըլլա, բայց երբ շաբաթ ավուր Մեղուին մեջ վսեմափայլ Նուպար փաշայի, Պալյանի, Տատյանի և այլոց անունները և ասոնց շինել տված դպրոցներուն անունները կարդաց առանց հայ հասարակութենեն վախնալու այդ բարերարաց ամենը մեկեն ուրացավ և ըսավ․

— Մեղուին ցցուցած հարուստները ինչ են եղեր որ, մեկը տղա մը ղրկեր է եղեր Եվրոպա, մյուսը ամիսը երեք հարյուր ղուրուշ կուտա եղեր դպրոցի մը ևայլն։

Լրագիր մը այսպես նախատե յուր ազդը՝ անհատ մը միայն շողոքորթելու համար... Քանի մը հռովմեական ազգայնոց մեզի տված լուրերուն նայելով Կյոչեյանը դպրոց շինած չէ եղեր Բերա։ Մամուլի հիշած դպրոցը տոքթոր Շիշմանյանը բացած ըլլալով Կյոչեյան, Տյուզյան, և ուրիշ քանի մը հարուստներ դպրոցին ծախսը միայն կը հոգան եղեր։

Զարմանալին հոն է, որ Կյոչեյանը շողոքորթելու համար ստախոս, կամավ կույր և ազգատյաց ըլլան ալ հանձն կառնե կոր։

Առաջ այդ բարերարաց համար մեռած են ըսավ և ետքը անոնք բան մը ըրած չեն ըսավ։

Ի՞նչ կրնաս ըսել, ուզած ատեն ուզածը կը մեռցնե կոր, ուզած ատենն ալ կը հարուցանե կոր։ Մամուլը իրենն է, ո՞վ կրնա խառնվիլ։

Մենք, իր ականջեն բռնած այդ բարերարաց ստակով կառուցված դպրոցներ ցույց կուտանք իրեն, անիկա՝ բան մը չեմ տեսներ կոր կըսե։ Ի՞նչ ըսելու իրավունք ունիս, աչքը իրենն է, ուզե նե՝ կը տեսնե, չուզե նե՝ չտեսներ։

Բռնություն բանեցնելու չգար այս թերթին, որովհետև հիվանդ է տակավին։ Հիմակուհիմա շարունակենք մեր դեղերը, և թե որ անոնցմով հիվանդությունը բոլորովին չանցնի՝ ան ատեն ավելի կծու դեղերու կսկսինք և Աստուծով կը բժշկենք զինք։

Հիմակուհիմա այս դեղերը ա՜ռ Մամուլ շաբաթը երկու անգամ և պաղ առնելե զգուշացիր։

Շաբաթ օրը դարձյալ պիտի գամ քեզ տեսնելու։