Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈԼՈՐԱԿՆԵՐՈՒՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Ընթերցո՛ղ, ձեռքդ անցա՞վ արդյոք Արևելյան թատրոնին 1873 հոկտեմբեր 3ի տնօրեն պարոն Մաղաքյանի հրատարակած հայտարարությունը. կարդացի"ր դերասանուհյաց անունները։ Թե որ կարդացիր՝ անդամ մ՝ալ կարդա․ թե որ չկարդացիր, դարձյալ մի կարդա։

Պարոն Մաղաքյանի դերասանուհիները՝ իրենց անունին նայելով երկնաբնակ արարածներ են, ամենքն ալ երկնքեն Արևելյան թատրոնն են իջեր․ թերևս արևելյան թատրոնը երկինք բարձրացունելու համար։

Ո՜վ աստեղագետք. ալ ասկից ետքը երկինք մի նայիք, մոլորակ չպիտի կրնաք տեսնել հոն, բայց մի վհատիք, այդ մոլորակները կորսված չեն, ամենն ալ Արևելյան թատրոնին մեջն են։ Պարոն Մաղաքյանի դերասանուհիները մեյմեկ մոլորակներ են․ պարոն Մաղաքյանն ալ դերասանության արևն ըլլալով մոլորակները անոր գլխուն վրա կը պտըտին։ Կեցցե պարոն Մաղաքյան, որ Արևելյան թատրոնը աստեղատուն դարձուց։ Ամեն մարդ դիտակ ի ձեռին կրնա թատրոն երթալ և ուզած մոլորակը տեսնել։

Ահավասիկ անոնց անունները։
Փայլածու․․․ սիրուհիի դեր
Հրատ..․ վառվռուն դեր
Լուսնթագ․․ պտըտելու դեր
Երևակ․․. պապականության դեր
Թալիա... կատակի դեր
Դեմետրե.․․ ցորենի դեր
Վեստա... կազերը վառելու դեր
Իրիս.... գոտիի դեր

Ահավասիկ բարեկա՛մ, հիմակուհիմա գտնված մոլորակները ասոնք են, և թե որ պարոն Մաղաքյան քաջալերություն գտնե՝ կը խոստանա ասոնց թիվն ավելցնել։