Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընթերցողը հետաքրքիր ըլլալուն հարկավ պիտի հարցնե ինձ, թե՝ այս մոլորակներու վրա ալ սև բիծեր կերևա՞ն մի։

Առայժմ ասոր համար բան մը չենք կրնար ըսել, միայն սա չափ կըսենք, որ եթե այդ մոլորակներուն գույնը սև է, վրանին սև բիծեր երևալու չէ։

Բայց ի՞նչ է այդ մոլորակներուն պաշտոնը։

Այս մոլորակներուն պաշտոնը տարեդարձ ներկայացնել է։ Անցյալ շաբթու Արևելյան թատրոնի տարեդարձը ներկայացուցին. այս շաբթու բարեհիշատակ Պեշիկթաշլյանի տարեդարձը ներկայացուցին. գալ շաբթու այլ Հեքիմյանի, Թերզյանի, Թղլյանի, Սետեֆճյանի և Դուրյանի տարեդարձները ներկայացնել պիտի սկսի։ Այս տարեդարձներեն ետքը՝ հրատարակված հայտարարության նայելով՝ Թընկրյան Աիմոն էֆենտիի փաստաբանության տարեդարձը պիտի կատարե և անկեց ետքը պարոն Մաղաքյանի Արևելյան թատրոնը հիմնած օրվան տարեդարձը պիտի ներկայացվի՝ ի ծիծաղ հայ հասարակության։

Մենք ալ կուզեինք ներկա գտնվիլ այս տարեդարձներուն, բայց ժամանակ չունենալով կը ցավինք, որ մեր փափագը անոթի պիտի մնա, ուստի իբրև մասնակից մեր տարեդարձիչ տնօրենեն ուրախության բաժակ մը կը պարպենք և կըսենք.

«Կեցցե՜ն մոլորակը, կեցցե՛ դերասանություն... կեցցե Մաղաքյանություն. կեցցե՛ Թընկըրություն...։

Սատակը մեկդի, պարոն Մաղաքյանը մեր Սահմանադրության տարեդարձն ալ հոն կատարե նե՝ ինչպե՞ս կըլլա արդյոք։ Եվ աս ալ դժվար գործ մը չէ: Հյունքյար Իսկելեսիի տեսարան մը կը ներկայացնեմ, կը լըմննա կերթա: Ասկեց զատ՝ խումբին մեջ վկայալ փաստաբան մալ ունենալեն ետքը, չգիտենք թե վկայալ դատ ունեցողներ ալ կա՞ն մի, կռիվ մալ պատահելու ըլլա նե իր կողմեն փաստաբանը կը ղրկե կը լմննա կերթա։

Պարոն Մաղաքյանի խումբին մեջ փաստաբան գտնվիլը չարագուշակ կը համարին ոմանք, իբր թե պարոն Մաղաքյանը իր դերասանաց ամսական տալու չափ չպիտի շահի եղեր, և այս դերասանները դատ բանալու ըլլան նե՝ փաստաբանը հառաջ պիտի քշե եղեր։

Չար լեզուները ամեն բան կըսեն, մենք չենք հավատար. բայց միայն սըվոր կը զարմանանք, թե՝ տարեդարձը լմննալեն ետքը ի՞նչ պիտի ընե պարոն Մաղաքյան։

Ինչ պիտի ընե, տարեդարձներուն լմննալուն տարեդարձը պիտի ներկայացնե․․.։