Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏՐՈՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ

Մամուլի շաբաթ ավուր թերթին մեջ Հ․ Մ. Հ. ստորագրությամբ նամակ մը տեսնվեցավ «առ շոշորդաբան» ուղղյալ։

Չգիտենք ինչպես եղեր է, հարգո նամակագիրը սխալմամբ նամակին հասցեն իր անվանը գրած է և պարունակությունը մեզի։ Պարունակությանը մենք կը պատասխանենք, հասցեին ալ թո՜ղ ինք պատասխանե։

Հարգո նամակագիրը կարծելով, թե մարդիկ՝ գրություն մը միշտ զայն գրողեն կը դատեն, չգիտնալով, թե Մեղուն մարդն իր խոսքերեն և իր գրութենեն կը դատե, վախցեր է ստորագրությունն ամբողջ դնելու, վախցեր է, զի մի գուցե լրագրական հրապարակի վրա խայտառակված անուն մը նամակին արժեքը կորսնցնե։

Այս նամակագիրը Այվազի ժամանակակից և ընկեր Հակոբ Հաճյանն է, որ զվարճախոսի համբավ ստացած է սրճարաններուն մեջ։ Այս այն Հաճյանն է, որ մեծապատիվ Շիշմանյանը շուն անվանեց և որ հիշյալ բժիշկը արհամարհոտ լռությամբ մը իրեն պատասխանեց։ Վերջապես այս այն Հաճյանն է, որ մեզմե ետքը Եփրատա խմբագրությունը ստանձներ և քանի մը թերթ հայհոյությամբ լեցնելով, դրամագլուխը լմնցնելեն ետքը՝ Եփրատա արտոնատերը թերթն առավ ձեռքեն, հայտարարելով թե՝ Հաճյան Հակոբին հրատարակած թերթերը բաժանորդագրութենեն դուրս պիտի համարվի։

Մենք կը կարծեինք, որ Հաճյան Հակոբը իր արժեքը ճանչնալեն ետքը՝ ալ պիտի ամչնար հրապարակ գալու, և թե զբոսարաններու մեջ պիտի զվարճաբաներ, բայց մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեսանք, որ ո՜չ թե ծաղրելու այլ ծաղրվելու իսկ անարժան այս էակը, ո՜չ թե երկու տող գրելու, այլ երկու տող հասկնալու իսկ անբավական այս արարածը դարձյալ գրիչը ձեռք առնելով աղտեղության մեջ կը թաթխե, իրեն ճաշակակից Այվազին քով երթալով՝