Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզի դեմ հոդված մը կը գրե ու Մամլո մեջ կը հրատարակե։ Պաշտպանվելու կարոտ այս ողորմելին, Արևելյան թատրոնին վարչությունը մեզի դեմ պաշտպանելու կելնե, սովին մեջ իր անձին կեսը կուտե և հուսահատ մեր անձին վրա կը հարծակի միմոս, խենթ, խեղկատակ, անարգ և շուն բառերով։ Մեր զվարճախոսը այսչափ հայհոյությամբ չէր շատանար, կուզեր դեռ ուրիշ հայհոյություններ ալ ընել, բայց ողորմելին անկեց ավելի բառ չէր գիտեր։ Իրեն տգիտության շնորհիվն է, որ հինգ ածականով ազատեցանք։ Ա՛րդ, չենք ուզեր ապերախտ ըլլալ, քանի որ իր տգիտութենեն բարիք տեսած ենք, պարտավոր ենք երախտագետ ըլլալ անոր, և որովհետև երախտագիտության առաջին նշանը շնորհակալությունն է, մենք ալ հրապարակավ կըսենք.

«Շնորհակալ ենք ձեր տգիտութենեն ո՜վ երգիծաբանդ սրճարանաց և պաշտպանդ Թնկրա-Մաղաքյանի»։

Շնորհակալություններնիս հայտնելեն ետքը կարգը կուգա ծեր տգիտությունը հայտնելու, այս պարտքերնիս ալ կատարենք։

Կը հարցնեք, թե դերասանուհիները ծաղրած ատեննիս ինչո՞ւ դերասանները ծաղրած չեմ։

Մեր երգիծաբանության մեջ անանկ օրենք մը չկա, որ մեկը դերասանուհի մը ծաղրած ատենը անպատճառ դերասան մալ ծաղրելու պարտավոր ըլլա։ Ձերինին մեջ կա նե՝ ան չգիտեմ։ Ինչո՞ւ համար, կըսեք, դերասանուհի մը կը ծաղրես անունը Փայլածու (մոլորակի անուն) ըլլալուն համար և դերասան մը չես ծաղրեր անունը Սիսակ (մարդու անուն) ըլլալու համար։

Թեև այս հարցումներուդ պատասխանը նույն տողերուն մեջ երկու փակագծի մեջ տված եմ, բայց դուն հասկնալու կարողություն չունենալով հարցումդ օրինակով մը բացատրեմ, որ հասկնաս։

Ինձ կը հարցնեք, թե ինչո՞ւ համար գլուխը գլխարկ դրած մարդ մը չեմ ծաղրեր և գլուխը կոշիկ դրած օրիորդ մը կը ծաղրեմ։

Պատճառը այն է, որ ողորմելի գրագետս, գլխարկը գլուխը կը դրվի իսկ կոշիկը՝ ոտքը։

Ինչո՞ւ կը ծաղրես, կըսեք ինձ, մեր վկայագրյալ փաստաբան Սիմոն էֆենտին։

Անոր համար կը ծաղրեմ, որ եթե Սիմոն էֆենտի պաշտոն մը ունի թատրոնին մեջ, իրեն վկայագրյալ փաստաբանությունը հայտարարության մեջ անցունելը ավելորդ է։ Օրինակի համար, ինչո՞ւ չըսվիր «Թատրոնի տնօրեն պարոն Մաղաքյան կոշկակար» և «վկա-