Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յադրյալ Սիմոն էֆենտի փաստաբան» կըսվի. պատճառն այն է, որ հասարակությունը հոն կոշիկ ապսպրելու չպիտի երթա, ինչպես որ դատի վերաբերյալ խնդիրները հարցնելու ալ չպիտի երթա։ Եթե վկայագրյալ փաստաբան Սիմոն էֆենտին միմիայն Մաղաքյանին դատերը վարելու պաշտոն ունի, հայտարարության մեջ անցունելը դարձյալ ավելորդ է, և եթե պարոն Մաղաքյան, որու հետ որ գործ ունի նե՝ ամենն ալ հասարակության ծանոթացնել փափագ մը ունի նե՝ թող իր բժշկին, քահանային, պախալին անուններն ալ հայտարարության մեջ անցունել բարեհաճեր։

Մենք այդ հայտարարության մեջ ավելի Սիմոն էֆենտիի վկայագրյալ փաստաբան մը ըլլալն հասարակության ծանուցանելու փափագ մը տեսանք, քան թե անոր՝ վարչության մեջ պաշտոն մը ունենալը, և պարոն Մաղաջյանը, որ Վարդովյանի հայտարարությունը գերազանցելու թեթևամտությամբ ըրած է այդ ծանուցումը առիթ տված է, որ վկայագրյալ փաստաբանի անունը Մեղուի մեջ ալ հիշատակվի։ Մենք այդ ծանուցման մեջ թեթևություն մը տեսանք, և թեթևություն ծաղրելը նվիրական պարտքերնիս ըլլալով ավելի Մաղաքյանը ծաղրեցինք, քան թե ձեր վկայագրյալ փաստաբանը՝ զոր ես ալ կուզեմ քաջաբերել և փափագ մը կզգամ այս օրերս մեկու մը հետ դատ ունենալու, որպեսզի հիշյալ փաստաբանին ամենահետին փաստաբանյալն ըլլալու բախտին արժանանամ։

Շատ հավանական է որ հիշյալ փաստաբանն ալ բարկացած ըլլա Մաղաքյանի դեմ իր անունը հայտարարության մեջ անցունելուն համար, և պարոն Մաղաքյան այս մասին Եվրոպայեն ուզածին չափ օրինակ բերե նե՝ դարձյալ չկրնար այդ թեթևությունը ծանրացնել։

Ինչպե՞ս կերթանք կոր, կնքահայր գրագետ, իրարու միտք սկսա՞նջ հասկնալ, չէ նե ժամանակը եկած չէ տակավին։

Շարունակենք.

Մաղաքյանին համար «դերասանության արև է» ըսած ըլլալնուս վրա սրդողած եք, և մեզի կը հարցունեք, թե լա՞ք թե խնդաք։

Եթե մեր հրամանովը պիտի խնդաք նե՝ կը հրամայենք, որ խնդաք. որովհետև մեկու մը լալը չենք ուզեր, իսկ եթե այդ խոսքին չեք հավնիր նե՝ կը փոխենք և կըսենք, թե Մաղաջյանը դերասանության մառախուղն է, տեսարանին վրա երևնալուն պես դերասանությունը անհայտ կըլլա։

Բայց, կերևի թե դուք այդ խոսքեն բան մը չեք հասկցած,