Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի՞նչ կը նշանակե, երբ պարոն Մաղաքյան Վարդովյանի խումբեն Մնակյանն ու Թրյանցը համոզել կաշխատեր, որ իր խումբը գան, մինչդեռ մյուս կողմեն էքշյանն ալ քանի մը դերասաններ Վարդովյանի խումբեն զատեր և Իզմիր տարեր էր։ Միթե չգիտե՞ր Մաղաքյանը, որ Մնակյանր և Թրյանցը առնելուն պես Վարդովյանը միայն Պենկլյանով և Ֆասուլաճյանով պիտի մնար։ Գիտեր, և ուզածն ալ աս էր։

Ի՞նչ կը նշանակե, երբ Մաղաքյան տաճկերեն ներկայացնելու արտոնությունն պարոն Վարդովյանի ձեռքեն Յափշտակելու համար ամեն բան ի գործ կը դնե և չհաջողելուն պես հռովմեական թերթի մը մեջ, Մամուլը կըսեմ, Արևելյան թատրոնի վրա հոդված մը հրատարակել կուտա, որուն մեջ իրեն շատ մը գովեստ հրատարակել տալեն ետքը, կըսե, թե Արևելյան թատրոնր տաճկերեն ներկայացումներ չպիտի տա, այլ միայն հայերեն ևայլն ևայլն. ասով Վարդովյանը հարվածել չէ նե՝ ի՞նչ է նպատակը։

Ի՞նչ կը նշանակե, երբ Մաղաքյան թատրոնին տնօրեն եղած օրը մեզի ծանուցում մը կը բերե, որուն մեջ Արևելյան թատրոնին անունը «համազգային» եղած էր։

Ի՞նչ ըսել կուզե վերջապես Մաղաքյանի հետևյալ ազդը։

«Հետ զանազան տարիներ աստանդական թափառելու և ամեն կողմ նորանոր ճյուղեր հաստատելու, հայ թատրերգությունը կը վերեդառնա յուր խանձարուրին՝ Բերայի Արևելյան թատրոնը»։

Հայ թատրերգությունը վերացական բառ մէ, արդյոք երկնից մեջ աստանդական թափառեցավ։ Բայց այլ և այլ տեղեր թափառողը Վարդովյանի խումբն էր, և այս խումբը այսօր Արևելյան թատրոնին մեջ չէ, չինկյանեներո՞ւ խումբ է այդ, չէ նե հայոց, եթե հայոց է՝ ինչու ուրեմն կըսես, թե հայ թատրերգությունը իր խանձարուրին դարձավ, մինչդեռ հայ թատրերգության մեկ մասը խանձարուրեն դուրս է։ Միթե այս ազդը Վարդովյանի դեմ ատելություն հայտնած ատենը հայ հասարակության սիրտը չվիրավորեր, միթե Մաղաքյանը այդ ազդովը հայ թատրերգությունը բոլորովին իրեն (հռովմեական ազգայնոց) տված չըլլա՞ր, հայերը անբանի տեղ դրած չըլլա՞ր։

Եթե այս ազդեն ուրիշ մը կելնե նե կաղաչենք, որ մեզի ըսեն և մենք շնորհակալ կըլլանք հրապարակավ, իսկ եթե չէ իրավունք ունինք հավատալու, որ Մաղաքյանը այն ատելությունը ունի հայոց դեմ, զոր էնկյուրցի կաթոլիկ մը միայն կրնա ունենալ։