Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որպեսզի Շիշմանյանի ըրած հայհոյությունը հայհոյություն ըլլա, և քանի որ Խորեն եպիսկոպոսը թրամվեյի չնմանիր, և քանի որ Շիշմանյանն ալ չունին չնմանիր, ապա ուրեմն իր հայհոյությունը հայհոյություն չէ եղեր։

Սորվե հայհոյիչ զվարճախոս, թրամվեյին թրամվեյ ըսելը, չունին՝ շուն ըսելը, քեզի՝ տգետ ըսելը հայհոյություն չէ, այլ ճշմարտություն։ Դուն Շիշմանյանին հայհոյեր ես անանկ արարածի մը նմանցնելով, որուն չնմանիր։

Հ. Մ․ Հ. տառերը իմ անունս չե՞ն նշանակեր, կը պոռա մեր հայհոյիչ ախպարը։

Ո՞վ ըսավ քեզի, թե Հ. Մ․ Հ. տառերը Հակոբ Հաճյանի անվան սկզբնատառերը չեն։ Ասանկ բան մը ո՞վ ըսեր է նե անոր զրուցե՛, ինձի ինչ։

Միթե Հ․ Մ․ Հ. տառերը քու թերթիդ մեջ տեսած չունիս, կըսե մեր գաճաճ հայհոյիչը։

Կը պատասխանենք, թե ոչ։ Ո՜չ տեսած ունինք և ո՜չ ալ ասկից ետքը պիտի տեսնենք։ Մեղու երբեք չհավանիր, ինչպես նաև ազգային մյուս լրագիրները, բացի Մամուլեն, որ Հաճյանի պես մեկե մը հոդված ուզե։ Եվ թե որ Հաճյան Մեղուի հոդված մը տվեր է՝ թող ըսե և թե որ ընթերցողը Հ. Մ. Հ. ստորագրությամբ հոդված տեսեր են մեր թերթերուն մեջ թո՜ղ հայտնեն, թերևս մոռցած ըլլանք մենք, թե որ կա, երկրորդ անգամ կը հրատարակենք այդ հոդվածը ի փառս Հաճյանի։

Դու չէի՞ր, կըսե մեզ Հաճյան աղբարը, Օրագրո մեջ մեզի պաշտպանողը.

Ես չէի Հաճյան աղբար, ինքզինքիդ եկուր, մի՛ շվարիր, կուզես նե՝ քիչ մը հայհոյե՛, որ բացվիս։ Եփրատա խմբագրությունը վրադ առած ժամանակդ երկու անգամ միայն գրասենյակդ եկա, ձեռագիրներդ տեսնելով ցավեցա վրադ, և տգիտությունդ ծածկելու համար հոդվածներուդ բյուրավոր տառասխալները միայն սրբագրեցի, ինչպես նաև սրբագրեց Քիրիշճյան Պողոս էֆենտի։ Ան ատեն հասկցա քու արժեքդ, այն ատեն ազգն ալ ճանչցավ զքեզ։ Ափսոս, որ դեռ դուն ինքզինքդ չես ճանչեր և հրապարակի վրա ինքզինքդ կը խայտառակես։

Մեր հայհոյիչ և տգետ զվարճախոսը կոշիկեն վեր կ՝ելնե և իբր թե մեր հակասությունը կը բռնե։

Ավելի բառ չգիտնալու համար չորս բառով հայհոյել կրցեր է ըսելոով իրեն հայհոյիչ ըլլալը կը հերքենք եղեր, իբր թե միշտ միևնույն հայհոյությունն ընող անձը հայհոյիչ չհամարվեր։