Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի միասին, ինչպես որ կառավարի մը ավելի դժվար է երկու կառք զատ զատ վարել, քան թե միասին։

Չխորհեցան մեր զույգ մը...երը, որ իրարու հետ միանալով չորս ոտք միայն ունեցած կըլլան և ոչ ուրիշ բան։

Չորս ոտքը ի՞նչ պիտի ընեք, ո՜վ զույգ մը.․․ զույգ մը.․․ (չեմ կրնար ըսել, որ Դիոգինեսի ժամանակներու մեջ ըլլալու էի, որ ձեզի սորվեցունեի) ո՜վ զույգ մը երեք կետեր, ի՞նչ բանի մեջ կրնան ձեզի օգտակար ըլլալ այդ չորս ոտքերը, խնդիրը ձիարշավության վրա չէ՛, սխալեր եք դուք, սխալնիդ շտկեցե՛ք։ Եթե փախչելու համար այդպիսի տնօրինություն մը ըրիք նե՝ կը գովեմ զձեզ։

Աս վերջինը ամենեն հավանականն է, որովհետև մեկերնիդ Կյոչեյանի խնդիրեն փախած ժամանակը ոտքի ամաններս ձեռք կանցունե կոշկակարի մը կուտա։ Մեկ կողմեն կոշկակարը ոտքի ամաններս ներկով կը փայլեցունե, մյուս կողմեն ալ Այվազը յուր հանճարը կոշիկներովս կը փայլեցունե։ Մեծ պատիվ է ինձ, թերևս չափեն ավելի, երբ կը տեսնեմ, որ Այվազը մինչև ոտքերս կը խոնարհի յուր հանճարը փայլեցունելու համար։ Ասկից զատ, կոշիկի վերաբերյալ զվարճախոսութենեն Մաղաքյանն ալ կզգացվի անշուշտ, երբ կը տեսնե, որ իրեն հասկնայի լեզվով կը խոսի Մամուլը:

Ծափս հարե՛ք ազգք և ազինք, թատրոնի տնօրեննիս կոշկակար, իր պաշտպանները կոշիկի երգիծաբան, դեռ ի՞նչ կուզեք, ուզածնուդ չափ քալեցե՛ք, ոտքի ամաննիդ հինցուցե՛ք և մի վախնաք, հրապարակի վրա կոշիկեն առատ բան մը չկա հիմա։

Դուն ալ Մամուլ, պաշտպանե կոշկակարությունը, բայց ո՛չ Մաղաքյանի վարչությունը, ես ալ թերևս օր մը թատրոնի մեջ Մաղաքյանը ծափահարեմ, եթե տեսարանի վրա ծափահարության արժանի ոտքի աման մը կարե ինձի։

Ձեր կարծիքը ի՞նչ է ասոր վրա Հաճյան աղբար։ Բայց դուք կարծեմ ինձի համար աղջիկ փնտրելու ելած եք, ի՞նչ ըրիք, հաջողե՞ցաք, աղջիկ գտա՞ք, նշանվեցա՞, կարգվեցա՞, զավակներ ունեցա՞... չպատասխանե՞ս, ո՜վ.․. Ա՜հ, Դիոգինեսի ժամանակները... վայրկյան մը ետ չե՞ք կրնար դառնալ...

Չես գիտեր խեղճ Հաճյան, որ ինձի չարություն ընել ուզած ատենդ բարիք կ՝ընես, դու զիս մեռցնելու աշխատելու տեղ, զիս աճեցնելու և բազմացնելու միջոցներու կը դիմես։

Շնորհակալ եմ քու բարեսրտութենեդ, քեզի պես բարերար թշնամի մարդ փնտրելով ձեռք չկրնար անցունել։ Խնդիր մը ունեինք,