Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶՈԻՅԳ ՄԸ...ԵՐ

Մեղուի վերջին թվով մեր զույգ մը.․.երը խարազանով քիչ մը շատկեկ ծեծելնուս համար, չորեքշաբթի ավուր Մամլո մեջ ամենայն արագությամբ վազել սկսան մեր զույգ մը․․․երը, հետևապես երկու օրվան ճամբան մեկ ժամու մեջ առինք, թեպետև քիչ մը հոգնեցուցին զմեզ նեղ ճամբաներե և ջուրեն անցած ատեննին։

Մեր զույգ մը...երը ի փառս խարազանի ամենայն արագությամբ կը փախչին և առանց ամչնալու կըսեն, թե չեն փախչիր։

Հաճյանը մեկ խարազանով խնդիրեն փախած՝ մեզի աղջիկ գտնելու պաշտոնով զբաղելեն ետքը, չորեքշաբթի ավուր Մամլո մեջ մեզ կը հարցունե, թե կը հիշես գողությամբ պաշտոնական տեղե մը վռնտվիլդ։

Հիշողությունը անցյալին մեջ տեղի ունեցած մեկ բան մը աչքի առջև բերել ըսել է. և ի՞նչպես կուզես, որ հիշեմ այնպիսի բան մը, որ երբեք տեղի ունեցած չէ։ Կյանքիս մեջ երբեք պաշտոնական տեղ մը դրամի վերաբերյալ գործով մը զբաղած չեմ, որ գողնամ։ Եթե տեղ մը գանձապետ ըլլայի, թերևս ոսկիներուն գույնեն խաբվելով քիչ մը ոսկի վերցունեի և քու դաստիարակությանդ համար գործածելով իմ գողությամբս զքեզ մարդ ընեի, մոլությամբ մը առաքինություն մը ծախու առնեի, և իմ մեղքս քու մարդկությամբդ քավեի, բայց, ափսո՜ս, գանձապետության պաշտոն չվարելս պատճառ եղավ, որ ո՜չ ես գող ըլլամ ո՛չ ալ դու մարդ։ Ճակատագիրնիս ասանկ է եղեր, քաշելու է, տրտնջալու իրավունք չունինք։

Բայց, ո՞ր սրճարանի մեջ սորվեցաք դուք վիճաբանության արհեստը։

Խայտառակվելու համար հրապարակ ելած օրեդ մինչև այսօր հազար վիճակի փոխվեցա. առջի օրը շուն ըսիր, հետևյալ օրը կարգեցիր և հայր ըրիր զիս, այսօր գող կընես և վաղը.․․ վաղն ալ անշուշտ մարդասպան: Պաշտպանելու ելած խնդիրդ դիակի պես